Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցության պատվիրակությանը

Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայրենի պետության առջև ծառացած մարտահրավերներին, ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրներին, ազգային ինքնության և արժեհամակարգի պահպանությանն ուղղված քայլերին:  Խոսվեց նաև ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանն ուղղված ծրագրերի և ձեռնարկների մասին:

Մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում Հայոց Եկեղեցու դեմ տեղ գտնող հարձակումներին` տիար Հրանտ Մարգարյանն այս կապակցությամբ վերահաստատեց կուսակցության դիրքորոշումը` ամբողջական զորակցություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետին: Վերջինս ընդգծեց, որ կուսակցությունը, գիտակից Հայ Եկեղեցու ազգապահպան և հոգևոր առաքելության կարևորությանը, շարունակելու է զորավիգ և նեցուկ լինել նրան:

Իր հայրական օրհնությունը բերելով հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ կուսակցության կեցվածքին` գնահատելով դրսևորած ոգին և գիտակցությունը: Վեհափառ Հայրապետն արձանագրեց, որ ժողովրդի զորակցությունը և նախանձախնդրությունը Մայր Եկեղեցու և իրենց սրբազան հավատքի հանդեպ արտահայտությունն են այն իրողության, որ Հայոց Եկեղեցին մեր ազգի ինքության և գոյության հիմնական երաշխավորներից է: Նորին Սրբությունը հաստատեց, որ հակառակ բոլոր դժվարությունների Եկեղեցին և հոգևոր դասն անշեղորեն շարունակելու են իրենց փրկչական և  ազգապահպան առաքելությունը` ի նպաստ հայոց կյանքի պայծառության և բարօրության:

Նորին Սրբությունը խոսեց նաև ժողովրդի և Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների մասին` նշելով, որ ազգի հոգևոր զորությամբ և միասնականությամբ են դարերի ընթացքում հաղթահարվել բոլոր դժվարությունները և արձանագրվել հաղթանակները:  Հայոց Հայրապետի խոսքով` այսօր ևս, դժվարությունների և փորձությունների դիմակայման ճանապարհին, մեր ազգը պետք է հետևողը դառնա նախնյաց որդեգրած այս կեցվածքի և փորձառության: