Մենք ավելի շատ աշխատելու ենք լանցետով, այլ ոչ թե սրով. Արթուր Մեսչյան

«Երկու խոսքով խոսել Երևանում առկա ահռելի խնդիրների հետ, հնարավոր չէ։ Մենք ավելի շատ աշխատելու ենք լանցետով, այլ ոչ թե սրով։ Առաջ կար Երևանի երկրորդ մուտքը երկու աշտարակներով՝ Կիևյան փողոցի կողմով, սակայն կամրջի աջ հատվածում ինչ-որ շինություն է կառուցվել: Ես միշտ ցանկացել եմ իմանալ, թե ով է տվել այդ կառույցի թույլտվությունը. ուզում եմ տեսնել այդ մարդուն»,– այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և հավելեց, որ այսքան ժամանակ որքան էլ որ շատերը ցանկացել են կեղտոտել քաղաքը, միևնույնն է՝ նրանց դա չի հաջողվել։

Անդրադառնալով վերելակների խնդիրներին՝ Մեսչյանը նշեց, որ նախընտրական քարոզարշավների ժամանակ բոլորը հայտարարում էին, թե հաղթելու դեպքում վերացնելու են այդ խնդիրը, սակայն դա հնարավոր բան չէ․«Դա ահռելի խնդիր է, ու դա այդպես հեշտորեն լուծել հնարավոր չէ։ Բոլոր հարցերը լուծվող են, չլուծվող հարց չկա, սակայն ժամանակ է պետք»։