Գործարար Խաչատուր Սուքիասյանը համաձայն չէ այն դիտարկման հետ, որ Հայաստանում տնտեսական քաղաքականություն չկա։ Այս մասին նա նշեց այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում, գրում է news.am-ը։
«Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելը դա արդեն տնտեսական քաղաքականություն է, հավասար պայմաններ ստեղծելը եւ մենաշնորհների վերացումը եւս տնտեսական քաղաքականություն է»,–նշեց նա։
Բիզնեսի ու քաղաքականության տարանջատման մասին հարցին գործարարը պատասխանեց. «Եթե այսօր կոռուպցիոն ռիսկերը չկան, զրոյական են, եթե այսօր բոլոր մարմինները պետք է աշխատեն այնպես, ինչպես զարգացած երկրներում են աշխատում, ինչ է նշանակում ասել այսինչը պետք չի կամ այնինչը պետք չի, նախ նման օրենք չկա, նման մոտեցում չկա։ Շատ կարեւոր է, որ տվյալ մարդը, եթե տնտեսական ինչ–որ մի համակարգից է գալիս, իր փորձը ներդնի օրենսդիր աշխատանքին, որովհետեւ օրենսդրում ինչ ներդրվում է, մենք տեսնում ենք գործադիրում»,–նշեց նա՝ հավելելով, որ եթե կլինեն մարդիկ, որոնք կփորձեն իրենց դիրքը անձնական շահերի համար ծառայեցնել, համապատասխան մարմինները այս խնդրով կզբաղվեն։
Առաջիկա ընտրություններին իր մասնակցության մասին հարցին անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ ցանկություն չունի Ազգային ժողովում կամ գործադիրում հայտնվել. «Ես բավական ժամանակ մտածել եմ, որ իմ կարգավիճակը, որն այսօր ունեմ, ինձ համար շատ ավելի ընդունելի է»։
Նա նշեց նաեւ, որ առաջիկա ընտրություններին մասնակցելու շատ առաջարկներ է ստացել, սակայն մերժել է։