«Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորն ինքնասպանության փորձ է կատարել, նա տեղափոխվել է ԲԿ. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 14։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից մի քաղաքացու են տեղափոխել իրենց մոտ։

Հիվանդանոց են մեկնել Վանաձորի բանտի և Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խմբերը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ այդ քաղաքացին նշված բանտի կալանավոր՝ 27-ամյա Գոռ Մանուչարյանն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով առավոտյան ժամը 10։40-ի սահմաններում իր խցում դեռևս անհայտ առարկայով կատարել է ինքնավնասում, իսկ 11։30-ի սահմաններում սավանով փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել։

Նրա ինքնասպանությունը կանխվել է բանտի անվտանգության աշխատակիցների և օրվա պատասխանատու հերթապահի կողմից։ Գ. Մանուչարյանը կալանքի տակ է այս տարվա մայիսի 18-ից, նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 234 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նա պատճառաբանել է, որ ցանկացել է ինքնասպան լինել, քանի որ հարուցված քրեական գործի հետ ունի անհամաձայնություն։ Փաստի առթիվ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում։