Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը, ով կփոխարինի պաշտոնից ազատված, Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովին:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նրա խոսքով՝ դիտարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածության երեք հնարավոր տարբերակ: «Գագաթնաժողովը սկզբում կանցկացվի նեղ կազմով: Կքննարկվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի շատ կարևոր հարցը»,- ասել է նա՝ հավելելով, որ հարցը քննարկվելու է փակ ռեժիմով:
Նա ընդգծել է, որ հայկական կողմը պնդում է մինչև 2020թ. մայիս կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչին ընտրելու տարբերակը: Բացի դա, դիտարկվում է ևս երկու տարբերակ՝ կամ մինչև 2020թ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, ով այս պահին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է, կամ այդ պաշտոնում կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է: «Թե ինչ որոշում կընդունեն երկրների ղեկավարները, այս պահին դժվար է կանխագուշակել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: