Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ԱՄՆ կենտրոնական մարմիններից չի ստացել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի՝ ՀՀ-ից երեխա որդեգրելու մասին համապատասխան դիմում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև որդեգրումներն իրականացվում են բացառապես «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի կոնվենցիայի շրջանակում: Նշված Կոնվենցիան սահմանել է միջպետական որդեգրման բոլոր ընթացակարգերը, այդ թվում նաև երեխա որդեգրելու համար դիմումներ ներկայացնելու կարգերը, երեխա և ընտանիք համադրման գործընթացը:
«Կոնվենցիայի շրջանակում գործող կենտրոնական մարմին է հանդիսանում ՀՀ արդարադատության նախարարությունը, որը մինչ այսօր ԱՄՆ կենտրոնական մարմիններից չի ստացել Քիմ Քարդաշյանի և Ք. Ուեսթի՝ Կոնվենցիայի շրջանակում համապատասխան ներկայացված դիմումը՝ ՀՀ-ում երեխա որդեգրելու համար: Ամերիկյան մեր կոլեգաներից նման դիմում ստանալու դեպքում դրան կտրվի Կոնվենցիայի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան ընթացք»,-նշեց նա: