«Նրանց ասածները իրավունքի հարթության մեջ մեկնաբանելը պարապ զբաղմունք է». lurer.com

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն օրերս ասել էր, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհվածների հարազատների մտահոգությունը կիսում է և ինքն էլ եղել է պատանդ այդ օրերին։

Այսօր համացանցում  տարածվեց տեղեկություն, թե  «Սասնա Ծռեր» կուսակցության համահիմնադիր Վարուժան Ավետիսյանը բավականին կոպիտ հրապարակային խոսքից զատ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել, որ եթե Օսիպյանը երկար մնա ոստիկանապետի պաշտոնին, ապա դա հղի է ամենաանկանխատեսելի հետևանքներով։

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Վարուժան Ավետիսյանն ասաց, որ տարածված տեղեկությունները կեղծիք են, իրենք նման հայտարարություն չեն տարածել։

Սակայն նա նշեց, որ դեռ օրեր, շաբաթներ առաջ հորդորել են Նիկոլ Փաշինյանին՝ ազատվել Վալերի Օսիպյանի, Հունան Պողոսյանի նման կադրերից։

Դիտարկմանը, որ Օսիպյանը չի բացառում՝ համաներումից հետո կրկնահանցագործությունները, Ավետիսյանը նկատեց․

«Նախ, Օսիպյանի տեղը չէ ոստիկանապետ լինելը, նա պետք  է իր կատարած ոճիրների համար պատասխան տա։ Բայց առհասարակ, որպես հետևանք, լինում է, որ համաներումներից հետո ոմանք հանցագործություն են կատարում։ Դա ոչ միայն Հայաստանում, այլև ուրիշ երկրներում համաներումից հետո դրսևորվող երևույթ է, որը բացասական իմաստով, օրինաչափություն է»։

Ինչ վերաբերում է Օսիպյանի՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին պատանդ լինելու հայտարարությանը, Ավետիսյանի կարծիքով՝ «ամբողջ ժողովուրդն է պատանդի կարգավիճակում եղել օսիպյանանմանների ձեռքում։  Օսիպյանն ու իր նմանները իրավական դաշտում  չեն։ Այնպես որ, նրանց ասածները իրավունքի հարթության մեջ մեկնաբանելը պարապ զբաղմունք է», – ասաց Ավետիսյանը և հավելեց, որ Օսիպյանին և նրա նմաններին պետք է պատասխանատվության կանչեն, այլ ոչ թե պաշտոններ տան։