«Ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրում է իմ խոսքերը». Մասիս Ինգիլիզյան

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը ներկայացրել էր Bellingcat կենտրոնի վերլուծաբան Մասիս Ինգիլիզյանի հոդվածը՝ պնդելով, որ հոդվածագիրն արձանագրում է, որ «Նախիջևանում Ադրբեջանը նոր բարձունքներ է ազատագրել»։

«Արմենպրես»-ի հետ զրույցում հոդվածի հեղինակը, արտահայտելով իր վրդովմունքը, նշել է, որ ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրել է իր խոսքերը և հոդվածի թարգմանությունը ներկայացրել փոփոխություններով։

«Իմ հոդվածում խոսք չկա այն մասին, որ ադրբեջանական կողմը Նախիջևանում հայկական բարձունքներ է գրավել։ Ես խոսել եմ չեզոք գոտու տեղաշարժերի մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցը հոդվածը մեկնաբանել է այլ` իրենց համար շահավետ տեսանկյունից` տեղ-տեղ նույնիսկ ամբողջությամբ փոխելով իմ բառերը։ Ցավալի է, որ լրատվամիջոցը կարող է այսքան ցածրանալ»,- ասել է Մասիս Ինգիլիզյանը։

Թեմային ավելի վաղ անդրադարձել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: