Պիտի հաստատենք մեր հեղափոխությունը. Օսլոյում բնակվող կինը որոշել է հետեւել Փաշինյանի կոչին եւ հանրաքվեի օրը լինել ՀՀ-ում

Այս ամսվա սկզբին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց արտերկրում բնակվող հայերին՝ կոչ անելով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ ապրիլի 5-ին, լինել Հայաստանում:

«Ես գիտեմ, որ նման շատ քաղաքացիներ կան, որոնք ուզում էին 2018 թ․ Թավշյա հեղափոխությանը մասնակցեին Հանրապետության հրապարակում, սակայն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել, կրկին նման հնարավորություն է ստեղծվել»,- ասել էր վարչապետը:

Նրա էջում՝ տեսանյութի տակ, բազմաթիվ քաղաքացիներ գրառումներով հայտնում են, որ իրենք արդեն տոմսեր են գնել եւ ապրիլի 5-ին լինելու են Հայաստանում:

Զրուցել ենք Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում բնակվող Անահիտ Ավագյանի հետ, որը հետեւել է վարչապետի կոչին, ինքնաթիռի տոմս է գնել եւ ապրիլի 3-ին լինելու է Երեւանում:

– Տիկի՛ն Անահիտ, երբվանի՞ց եք ապրում Օսլոյում: Ինչպե՞ս է ստացվել, որ գնացել եք Հայաստանից:

– 2000 թվականին աղջիկս եկավ Նորվեգիա՝ մագիստրատուրա սովորելու: Հայաստանում հայտնի պատճառներով (կոռուպցիա եւ այլն) հնարավորություն չկար լավ կրթություն ստանալու: Սովորելուց հետո սկսեց աշխատել, ամուսնացավ նորվեգ տղայի հետ ու մնաց այստեղ: Տղաս էլ Մոսկվայում է ապրում, ու որպեսզի ես մենակ չմնամ, որոշեցի գալ աղջկաս մոտ: Քաղաքացիություն դեռ չեմ ստացել, բայց մշտական ապրելու իրավունք ունեմ:

– Իսկ Ձեզ մոտ շա՞տ կան հայեր:

– Նորվեգիայի համայնքը փոքր է, կարող է 100 ընտանիք լինել ամենաշատը: Հիմնականում ապրում են Օսլոյի շրջակայքում եւ դեպի հարավ: Երեւանից եկած շատ խելացի ծրագրավորողներ կան, որ այստեղ գործ են գտել, ընտանիքներով եկել, լավ վճարվում եւ աշխատում են:

– Կարդացի ձեր գրառումը, որ պատրաստվում եք Հայաստան գալ: Հանրաքվեին մասնակցելու կո՞չն է հայրենիք գալու առիթ տվել:

– Այո՛, հենց վարչապետի կոչին հետեւելով եմ գալիս: Շատ ոգեւորվեցի, երբ լսեցի այդ կոչը, ափսոս, որ ընտանիքում միայն ինձ է հարմար: Միշտ հեռվից սրտի թրթիռով եմ հետեւել Հայաստանում տեղի ունեցածին, սրտանց ցանկացել եմ, որ ամեն ինչ լավ լինի, հիմա առիթ կա. մի բանով էլ ես օգտակար լինեմ:

– Հեղափոխության օրերին չե՞ք եկել Երեւան:

– Ցավոք՝ ոչ, բայց ամեն վայրկյան հետեւել ենք իրադարձություններին, հոգով, սրտով հայրենիքում էինք: Նույնիսկ 5 տարեկան թոռնիկս է իր նորվեգ ընկերուհիներին պատմում, թե ով է Նիկոլ Փաշինյանը:

– Ինչո՞վ եք կարեւորում հանրաքվեն:

– Կարեւորում եմ նրանով, որ մի անգամ եւս մենք պետք է «Այո» ասենք մեր ազատ, անկախ երկրին, պետք է վերջ դրվի անարդար արդարադատությանը, մեկ անգամ եւս պետք է վերահաստատենք, որ միասնական ենք, մեր վարչապետի կողքին ենք, պետք է հաստատենք մեր հեղափոխությունն ու շարժվենք առաջ՝ մերժելով հին բարքերը, կոռուպցիան եւ ՀՀԿ մնացորդներին:

– Հնարավո՞ր է՝ այս այցն առիթ դառնա եւ մնաք հայրենիքում:

– Միակ խնդիրն այն է, որ մենակ չեմ կարող մնալ: Աղջիկս չի գա, որովհետեւ ամուսինն այստեղից է, որոշել են ապրել այստեղ: Չնայած պետք է ասեմ, որ հեղափոխությունից հետո ե՛ւ տղաս, ե՛ւ աղջիկս Երեւանում բնակարան են գնել: Հիմա աղջիկս ավելի հաճախ կկարողանա Երեւանում լինել: Իսկ տղաս մտածում է Հայաստան տեղափոխվելու մասին, շատ-շատ է ուզում, բայց չի կարող թողնել այնտեղի աշխատանքը. հիփոթեկ պետք է վճարի, ընտանիք պահի: Աստված մեծ է, երեւի կստացվի:

– Իսկ ի՞նչն է խնդիրը, իր մասնագիտությամբ աշխատանք այստեղ դժվա՞ր է գտնել:

– Դեղամիջոցների եւ կոսմետիկայի գրասենյակում ֆինանսական տնօրեն է, բարձր աշխատավարձ է ստանում: Ինքը դիմել էր Հայաստանի կադրային բանկ, բայց առայժմ արձագանք չի ստացել: Չի կարող գալ, 6 ամիս աշխատանք փնտրել: Իսկ եթե գտնի աշխատանք, այդ պարագայում հեշտ կլինի կողմնորոշվելը:

Աղբյուրը՝ Հայկական Ժամանակ