Ամերիկաբնակ կատակերգուն գաճաճության պատճառով ծաղրուծանակի ենթարկվող 9-ամյա տղայի համար դրամահավաք է կազմակերպել և 200 000 դոլար հավաքել (տեսանյութ)

ԱՄՆ-ում stand-up ժանրի կատակերգուն ավելի քան 200 000 դոլար է հավաքել գաճաճության պատճառով ծաղրուծանակի ենթարկվող 9-ամյա ավստրալացի տղային «Դիսնեյլենդ» զվարճանքների այգի ուղարկելու համար, հայտնում է Daily Mail պարբերականը:

Բրեդ Ուիլյամս անունով հայտնի կատակերգուն GoFundMe դրամահավաքության կայքում դրամահավաք է կազմակերպել Քուադեն Բեյլես անունով տղայի համար: Նրա մոտ նման միտք է ծագել համացանցում մեծ աղմուկ հանած տեսանյութից հետո, որում գաճաճ մի երեխա լաց է լինում և մորը խնդրում իրեն պարան տալ, քանի որ նա այլևս չի ցանկանում ապրել: Հայտնի է, որ երեխան այդ վիճակին է հասել ծաղրուծանակի ենթարկվելու պատճառով:

Ուիլյամսը, որը նույնպես գաճաճ է, գրել է. «Ստեղծում եմ GoFundMe-ում էջը, որպեսզի Քուադենն իմանա, որ ծաղրը չի կարելի հանդուրժել, և նա հրաշալի մարդ է, որն արժանի է երջանիկ լինելուն»:

Ուրբաթ օրվա դրությամբ ավելի քան 9 000 մարդ արդեն նվիրատվություն է արել, և արդյունքում ընդհանուր մոտ 203 000 դոլար գումար է հավաքվել:

Քուադենը մեծ աջակցություն է ստացել հանրությունից և հայտնի աստղերից:

«Ցանկանում եմ Քուադենին և նրա մորն ԱՄՆ ուղարկել, նրանց համար լավ հյուրանոց գտնել և «Դիսնեյլենդ» տանել»,- գրել է կատակերգուն դրամահավաքության կայքում:

«Սա միայն Քուադենի համար չէ, այլ ծաղրի ենթարկված ցանկացած մեկի համար… Եկեք Քուադենին ցույց տանք, որ աշխարհում լավը կա, և որ նրանք արժանի են դրան»,- նշել է նա: