Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի եռակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն, հունահռոմեական ոճի նախկին ըմբիշ Արմեն Նազարյանը 24 տարի անց ՀՀ կառավարության կողմից ստացավ իր ցանկացած ուշադրությունը: Այսօր՝ փետրվարի 21-ին, հանրապետության նախագահի նստավայրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար նրան պարգեւատրեց Առաջին աստիճանի շքանշանով։ 1996-ին՝ անկախ Հայաստանի պատմության օլիմպիական առաջին չեմպիոն դառնալուց հետո, նա պատշաճ ուշադրության չէր արժանացել պետության կողմից, նեղացած հեռացել էր Բուլղարիայի հավաքական, որի կազմում 2000թ. կրկին օլիմպիական չեմպիոն էր դարձել: 5 տարի առաջ ՀՀ-ից երախտագիտության մեդալ է ստացել, սակայն, նրա խոսքով, հենց այսպիսի ընդունելության էր սպասում, ու այսօրով նեղացվածությունն անցավ:
«Այսօր անցավ այդ ամենը: Իրոք, 24 տարի սպասում էի այս պարգեւներին՝ պետական, մեծ պարգեւներին, շնորհակալություն եմ հայտնում մեր կառավարությանը, հայ ազգին, վարչապետին, նախարարին, փոխնախարարներին, մարզիչներին, որ գնահատեցին մեր աշխատանքը, եւ դա մեզ քաշում է, որ գանք Հայաստան»,- ասաց նա:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նախկին մարզիկը վերհիշեց 90-ականներին տեղի ունեցածը եւ թե ինչու էր տեղափոխվել Բուլղարիայի հավաքական: Նշեց, որ օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո որեւէ պետական ընդունելություն չի եղել: Նա 10 հազար դրամ աշխատավարձ է ստացել, ստիպված է եղել ամեն օր Մասիս քաղաքից ոտքով գալ Երեւան՝ մարզվելու: Օլիմպիական չեմպիոնի համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել: Բացի այդ, 1994թ.՝ Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո, նրան «Երազ» մակնիշի ավտոմեքենա են հատկացրել, որը պահել ու տվել են 2 տարի անց՝ 1996-ին:
Անտեսվածությունից նեղացած նա տեղափոխվել է Բուլղարիայի ընտրանի: Այնտեղ անմիջապես քաղաքացիություն է ստացել, տուն ու մեքենա: Նազարյանն ընդգծում է, որ ինքը մեծ գումարներ չի ուզել, այլ վերաբերմունք, ու այն ժամանակ եթե դա լիներ, չէր հեռանա:
«Եթե այս պարգեւները պետականորեն լինեին, ես շատ շնորհակալ կլինեի եւ չէի հեռանա Հայաստանից: Ես մեծ փողեր չեմ ցանկացել: Ես ուզեցել եմ պետական ընդունելություն, պարգեւներ, իմ ծնողն ասում էր. «Ես ուզում եմ տեսնել, որ պետությունը գնահատում է քո քրտինքը»»,- ասաց նա:
Նյութը ամբողջությամբ կարդացեք սկզբաղբյուր կայքում։