«Հայկական ժամանակի» տեղեկություններով Երեւանի կենդանաբանական այգում մի քանի օր առաջ եղնիկ է անկել: Ըստ նախնական վարկածի՝ կենդանու անկման պատճառն անփութությունն է:
Մեր տեղեկություններով՝ կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը աշխատողներին ասել է, որ եղնիկն անկել է կոկորդը խցանվելու հետեւանքով: Կենդանու կերակրափողն ամբողջությամբ լցված է եղել պոլիէթիլենային տոպրակներով եւ տուկի թելով, ինչի պատճառով էլ կենդանին չի կարողացել շնչել եւ խեղդվել է: Եղնիկն առողջ է եղել, հերձման ժամանակ այլ օրգանների ախտահարում չի հայտնաբերվել:
Կենդանին տարիքով փոքր էր՝ 3-4 տարեկան: Իսկ եղնիկները անազատության մեջ ապրում են մինչեւ 16 տարի, որոշ դեպքերում՝ մինչեւ 20 տարի:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ անկած կենդանին Մանվել Գրիգորյանի մոտից փրկված այգի տեղափոխված եղնիկն էր:
Հիշեցնենք՝ 2018 թվականի հունիսին «Վայրի բնության եւ հուշարձանների պահպանության հիմնադրամը» կենդանաբանական այգի էր տեղափոխել Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի հանգստյան գոտու բնակատեղիում բնակվող քարայծերը, այծերն ու մեկ եղնիկ:
Մեր աղբյուրի խոսքով՝ կենդանաբանական այգու կուրատորն ազատված է աշխատանքից, այս պահին այգին չունի վերահսկող մասնագետ, ուստի նման ելքերից խուսափել հնարավոր չէ: «Այսինքն առանցքային մարդ, որը մասնագետ էր եւ համակարգում էր կենդանի խնամողների աշխատանքը, ասում էր՝ օրինակ տուկը, եթե վանդակում են թողնում, ապա թելերը հանեն վրայից, որ կենդանին չուտի ու սատկի, հիմա չկա: Ամեն դեպքում պատճառը խեղդամահ լինելն է»,- նկատեց նա:
Ավելի ուշ տեղեկությունը ՀԺ-ին հաստատեցին նաեւ Երեւանի կենդանաբանական այգուց: Այգու մամուլի պատասխանատու Աննա Վանյանը հայտնեց, որ կենդանու կերակրափողում հայտնաբերվել է 25 սմ մեծությամբ կերային խցանում՝ պոլիէթիլենային տոպրակի մնացորդներով: Մյուս օրգաններում ախտաբանական փոփոխություններ չեն արձանագրվել: Կենդանու անկումը տեղի է ունեցել կերակրափողի օտար մարմնով խցանման հետեւանքով:
Այս պահին Երեւանի կենդանաբանական այգու հաշվեկշռում առկա է 30 եվրոպական եղնիկ: Ըստ խոսնակի կենդանին տոպրակը կարող էր դեռ Մանվել Գրիգորյանի մոտ պահված ժամանակ կերած լինել: Տվյալ եղնիկը բերվել էր 2018 թվականին եւ կենդանաբանական այգու հաշվեկշռում առկա չի եղել:
«Կենդանաբանական այգին պայքար է մղում քաղաքացիների կողմից պլաստիկներով տարածքի աղտոտման դեմ, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից կենդանիներին իրենց կողմից բերված սննդամթերքով կերակրման դեմ: Հատուկ ցուցանակներ են փակցված մարդկանց իրազեկելու համար, որ դրանով կարող են վնասել կենդանիներին»,-ասաց նա: