ՀՀ կառավարությունում րոպեներ առաջ ավարտվել է կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով կայացրած որոշման մասին ՀՀ վարչապետը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով.
«1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:
3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումներն իրականացնել առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:
4. Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:
5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկություններն ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:
6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:
Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք, եւ հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները՝ կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»:
Հիշեցնենք, որ սահմանի փակման անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետը տեղեկացրել էր երեկ:
Բացի Հայաստանի Հանրապետությունից, Իրանի հետ սահմանային սահմանափակումներ են մտցրել նաեւ Թուրքիան եւ Աֆղանստանը: