«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը փետրվարի 11- ին հայտարարություն արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին եւ հայտարարեց, որ այսուհետ որպես անկախ պատգամավոր է հանդես գալու: Պատճառը նա չբացատրեց, միայն գրեց. «Բազմաթիվ իրադարձություններ, վերջին տարիների ընթացքում գոյացնելով մի իրավիճակ, որն անպայման պետք է փոխվեր, ստիպեցին վերջապես կայացնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում»: Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը:
«Տիգրան Ուրիխանյանը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճանապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքները համահունչ չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մոտեցումների հետ: Այդ իսկ պատճառով, այս պահից սկսած՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ: Վերջինս իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով»,- ասվում է ԲՀԿ հայտարարության մեջ:
Եվ չնայած իր հայտարարության մեջ Ուրիխանյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին եւ խմբակցության գործընկերներին, սակայն պարզ է, որ նա ինչ-որ բանով արժանացել է Գագիկ Ծառուկյանի զայրույթին եւ հեռացվել խմբակցությունից:
Ավելին՝ տեղեկություններ կային, որ Գագիկ Ծառուկյանը նրա ձեռքից վերցրել է մանդատը եւ անգամ որոշած է եղել նրա պատգամավորական լիազորությունները դադարեցնել, սակայն դա չի արել միայն այն պատճառով, որ Ուրիխանյանից հետո մանդատ ստանալու հերթը Մարինա Խաչատրյանինն է, ով հայտնի է իշխանություններին եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանին դաժանաբար քննադատելու մոլուցքով, իսկ Ծառուկյանը նոր պրոբլեմներ չի ուզում ունենալ:
Այս փաստը Տիգրան Ուրիխանյանը հերքում է: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Ծառուկյանը բարձր բարոյական արժեհամակարգի տեր անձնավորություն է»: Ապա հավելեց, որ այդ խոսակցությունները բացարձակ ոչ մի կապ չունեն իրականության հետ եւ որ իր համար անակնկալ են: «Իրականությանը ոչ միայն չեն համապատասխանում, այլեւ դրա համար հող էլ չկա, ու խոսելն էլ է անիմաստ»: Պատգամավորին հարցրինք՝ այնուամենայնիվ, անհասկանալի մնաց, թե ինչու դուրս եկաք խմբակցությունից: Նա բացականչեց. «Ինչպես թե, ձեր կայքը, ձեր թերթը նույնիսկ գրեց, թե ինչու՝ առանձին, ուրույն քաղաքական կուրս իրականացնելու համար»:
Փաստորեն, չէիք կարողանում ԲՀԿ-ի հետ, չէր ստացվում, հարցրինք նրան: «ԲՀԿ-ի հետ, ինչպես նշեցի, անցել ենք շատ դժվարին, շատ փշոտ, բայց, միեւնույն ժամանակ, հետաքրքիր ժամանակ, որի արդյունքում, կարծում եմ, շահել են շատ ու շատ քաղաքացիներ, եւ շատ բան հաջողվել է անել»: Եվ, Ուրիխանյանի խոսքով առանձին կուրս իրականացնելու համար անհրաժեշտ են առանձին գործեր: Անհամբերությամբ սպասում ենք այդ նոր՝ «առանձին» գործերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում