Առավոտից մայրաքաղաքի բոլոր թատրոնների տոմսարկղերի մոտ հերթեր են գոյացած եղել: Նման բան մեր թատրոններում շատ հազվադեպ կարելի է հանդիպել: Քաղաքացիներն աճապարել են թատրոններ եւ կինոթատրոններ, որպեսզի հնարավորինս արագ ձեռք բերեն ֆիլմի կամ ներկայացման հրավիրատոմսեր:
Երեւանի քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարել էր, որ Կանանց տոնի առթիվ նվեր է պատրաստել. նախապես ձեռք էր բերել ներկայացումների, համերգների ու ֆիլմերի 6000 հրավիրատոմեր եւ տեղեկացրել, որ դրանք կարելի է ստանալ փետրվարի 27-ից: Այդ օրը՝ արդեն ընդամենը օրվա երկրորդ կեսին, տոմսարկղերի մեծ մասում հրավիրատոմսերը սպառված էին:
Մեր հարցումների ժամանակ պարզ դարձավ, որ մշակութային հաստատությունների տոմսարկղերում դահլիճի տեղերի միայն մի մասի չափով են հրավիրատոմսեր առաջարակվել քաղաքացիներին: Մյուս մասը տրամադրվել է Երեւանի քաղաքապետարանին: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանից տեղեկացանք, որ քաղաքապետարանը տնօրինելու է 6000 տոմսերից 2000-ը: Դրանք, ըստ նրա, տրամադրվելու են համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցներին՝ հիմնականում հանրակրթության ոլորտի:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մարտի 8-ին կայանալիք «Հարսնացուն հյուսիսից» ներկայացման հրավիրատոմսերն օրվա երկրոդ կեսին արդեն սպառված էին: 800 տոմս է նախատեսված եղել, որից 400-ը նախապես վերցրել է Երեւանի քաղաքապետարանը, իսկ մյուս 400-ը սպառվել են օրը սկսվելուն պես: «Մեր տոմսարկղում այլեւս հրավիրատոմսեր չկան»,-ասաց թատրոնի մամուլի պատասխանատու Անի Ներսիսյանը: Նա նշեց, որ տոմսարկղ այցելած կանայք եղել են տարբեր տարիքի՝ երիտասարդ աղջիկներ, ինչպես նաեւ միջին ու մեծ տարիքի կանայք: Մարտի 8-ին, ինչպես Սունդուկյան թատրոնում, այնպես էլ մնացած թատրոններում միայն մեկ ներկայացում է նախատեսված, ժամը 19:00-ին:
Հովհաննես Թումանյանի անվան Տիկինիկային թատրոնում եւս բոլոր տոմսերը սպառվել են, այս մասին հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: «Տոմսարկղի աշխատողն ինձ հայտնեց, որ մեծ հերթ է եղել, միանգամից ամբողջը տարել են: Ընդհանուր 300 տոմս է եղել նախատեսված, որից 150 քաղաքապետարանն է վերցրել, մյուս 150-ը մենք»,- ասաց նա: Տիկնիկային թատրոնում Հ. Թումանյանի «Անբան Հուռին» մանկական ներկայացումն է լինելու:
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տոմսերը սպառվել են առավոտ շուտ: Ընդհանուր 300 հատ է եղել, որից 150-ը կրկին քաղաքապետարանի մոտ է պահվել: «Մեր հիմնական հանդիսատեսներից մարդիկ կային, որոնք առավոտից սպասում էին եւ միանգամից վերցրեցին, 20 րոպեում տոմսարկղը դատարկ էր»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց թատրոնի փոխտնօրեն Արտաշես Մխիթարյանը:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնից էլ հայտնեցին, որ 13:00-ի դրությամբ այլեւս տոմս չեն ունեցել: Մոտ 207 տեղանոց դահլիճի կեսը քաղաքապետարանի հատկացրած հրավիրատոմսերից կօգտվեն, մյուսը՝ թատրոնի տոմսարկղից, որն էլ արդեն տարել են:
Մոսկվա կինոթատրոնում, որտեղ ժամը 19:00-ին ցուցադրվելու է՝ ռեժիսոր Արշալույս Հարությունյանի «Անհայտ բաժանորդը» ֆիլմը: «Կայծակնային արագությամբ» սպառվել են գրեթե բոլոր հրավիրատոմսերը: «Հրավիրատոմսեր շատ քիչ են մնացել: 491 հատ է կինոթատրոնի «Կարմիր» դահլիճի ընդհանուր տեղերի քանակը, որից կեսը քաղաքապետարանի մոտ է: Մի քանի հատ կա, այն էլ ամֆիթատրոնի համար նախատեսված տեղերում»,- ասաց կինոթատրոնի մենեջերը:
Ալեքսանդր Սպենդիրայանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից պատասխանեցին, որ ներկայացման տոմսերը տնօրինում է Երեւանի քաղաքապետարանը եւ թատրոնին տրամադրվել է 520 տեղ, որն էլ առավոտյան տոմսարկղից տրամադրվել է հանդիսատեսին՝ մինչեւ կեսօր սպառվել են բոլոր նախատեսված տոմսերը։ Մարտի 8-ին թատրոնում ներկայացվելու է Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը։
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը թերեւս մեր հարցվածներից ամենապասիվն էր: Ընդհանուր 354 տեղ ունի երաժշտության տունը, որից 152 տոմսն է իրենց տոմսարկղում: Տոմասարկղի աշխատակիցը հայտնեց, որ սպառվել է ընդամենը 50-ը: Կանանաց տոնին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա «Հովեր» երգչախումբը:
Այն քաղաքացիների համար, որոնք չեն հասցրել հրավիրատոմսեր ձեռք բերել դրանց սահմանափակ լինելու պատճառով, Երեւանի քաղաքապետարանն այլընտրանք չի առաջարկել: Մարտի 8-ին մայրաքաղաքում տոնական որեւէ միջոցառում քաղաքապետարանը չի իրականացնելու: