ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտի 1-ի բացահայտումը հետհեղափոխական Հայաստանում. ինչ ունենք 12 տարի անց

Այսօր 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի 12-րդ տարելիցն է. արյունալի օր, որը վստահաբար խորըհետք է թողել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հիշողության մեջ:

Իսկ ի՞նչ ունենք այսքան տարի անց. ունենք մի իրավիճակ, երբ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո վերաբացվեց «Մարտի 1»-ի գործիքննությունը, ինչը կարեւոր էր նաեւ այն առումով, որ առաջին անգամ Հայաստանում ձեւավորվել է իշխանություն, որը քաղաքական առումով կաշկանդված չէ բացահայտելու 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները:

Քրգործի քննության վերսկսումից անցել է 1.5 տարի, սակայն գլխավոր հարցերը դեռ մնում են անպատասխան՝ ովքե՞ր են սպանել 10 խաղաղ ցուցարարներին: Մի կողմից իշխանություններն իսկապես ցանկանում են բացահայտել այդ դեպքերը, ունեն քաղաքական կամք, սակայն իրավապահները չեն կարողանում իրացնել օրվա իշխանությունների քաղաքական կամքը:

Ինչպես հայտնի է, 12 տարի առաջ՝ 2008 թվականին, նախագահական ընտրությունների արդյունքների դեմ խաղաղ ցույցերը ողբերգական ավարտ ունեցան: Մարտի 1-ի երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում սպանվեց տասը ցուցարար, վիրավորվեցին տասնյակ քաղաքացիներ, հիմնականում մեկ ոստիկանի կամ կեղծ վկայի ցուցմունքների հիման վրա՝ բանտերում հայտնվեցին հարյուրավոր ընդդիմադիր գործիչներ:
Վերջին տարիներին նախկին իշխանությունները քննության անվան տակ ամեն ինչ արել են մարտի 1-ի իրադարձությունները կոծկելու համար` ամեն ինչ բարդելով ընդդիմադիր գործիչների վրա: Եվ այս ամենի հետեւանքն այն է, որ այժմ «Մարտի 1»-ի գործով նախկին քաղբանտարկյալների՝ ՄԻԵԴ ներկայացրած բողոքները հերթով բավարարվում են:

Այժմ` գործի վերաբացումից 1.5 տարի անց, մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել այդ ժամանակ իշխանությունում գտնվող մարդիկ՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Սահմանադրական կարգի տապալման հոդվածը մեղսագրվում է չորս մեղադրյալներից երեքին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին ուՅուրի Խաչատուրովին՝ մարդիկ, որոնց երբեք չէինք կարող պատկերացնել այդ կարգավիճակում: Իհարկե, նրանցից ոչոք մեղադրանքը չի ընդունում, բայց դա արդեն կարեւոր չէ: Եւ նույնիսկ այդ պարագայում «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված չէ առ այսօր:

Ինչպես հայտնի է, մարտի 1-ին ոչ միայն սահմանադրական կարգ է տապալվել, այլեւ տեղի են ունեցել բազմաթիվ ապօրինություններ՝ սկսած մարդկանց ծեծից, իսկ մարդկանց զանգվածաբար ծեծի են ենթարկել թե՛ Ազատության հրապարակում, թե՛ Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Բացի այդ, եղել է ոստիկանության զորքերի կողմից ոչ համաչափ ուժի կիրառում, որն անգամ արձանագրել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Նիկոյանի գլխավորած մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը: Սակայն այս դեպքերի մասով էլ ոչինչ չի արվել. ոստիկանության գործողությունների համար որեւէ մեկը մինչեւ հիմա պատժված չէ: Սակայն սա էլ ամենը չէ. 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո ձերբակալվեցին բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ. նրանք քաղբատարկյալ դարձան՝ մի քաղաքացու կամ ոստիկանի հիմնականում կեղծ ցուցմունքի հիման վրա: Եվ, ահա, ունենք մի իրավիճակ, երբ այս բոլոր հարցերը մնացել են անպատասխան:

Իսկ ի՞նչ է արվել մինչեւ այս պահը մարտի 1-ի զոհերի բացահայտումների մասով: Բացի սահմանադրական կարգը տապալելու հոդվածով նախկին իշխանությունների ներկայացուցիչներին մեղադրանք առաջադրելուց, 2019 թվականի հունիսին մարտի 1-ի գործի շրջանակներում կալանավորվել էր ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, որը, սակայն, երկու ամիս անց ազատ արձակվեց։ Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։ Այդպես էլ, սակայն, նրան առաջադրված մեղադրանքը ՀՔԾ-ն չկարողացավ ապացուցել: Եվ ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն առաջիկայում կարող է կարճվել: Ամեն դեպքում, մերտեղեկություններով՝ անցյալ տարվանից մինչեւ օրս որեւէ քննչական գործողություն չի իրականացվել այդ մասով:

Իսկ մինչ այդ՝ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հանդես եկավ մի աղմկահարույց հայտարարությամբ, սակայն այս մասով եւս ապացույցները մնացին օդում կախված: Այդ օրըՀՔԾպետը հայտարարեց, թե Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008-ի դեպքերի ժամանակ սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ «Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Այդ մասին ունենք ապացույցներ, հստակ ապացույցներ», – նշել էր նա։ Այդ հայտարարությունից անցել է մեկուկես տարի, սակայն այդպես էլ ՀՔԾ պետի խոսքերը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հատուկ քննչական ծառայություն՝ հասկանալու համար՝ որեւէ տեղաշարժ կա Տիգրան Աբգարյանի կամ մյուս սպանությունների մասով, սակայն ՀՔԾ-ից որեւէ մեկնաբանություն չտվեցին:

Եվ ստացվում է՝ 12 տարի անց ունենք նույն պատկերը. ոչ մի սպանության դեպք բացահայտված չէ, իսկ «Մարտի 1»-ի գործով մեղադրվում են օրվա ոչ իշխանական գործիչները: Մինչդեռ 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի բացահայտումը չի ենթադրում միայն բավարարվել սահմանադրական կարգի տապալման հոդվածով մեղադրանքներ առաջադրելուց, որն էլ այս ընթացքում փորձում են հրամցնել հանրությանը: ՀՔԾ-ն ու Գլխավոր դատախազությունը պետք է լծվեն «Մարտի 1»-ի գործի ամբողջական բացահայտմանը՝ սկսած առավոտվա իրադարձություններից, ընթացիկ իրադարձություններից, եւ վերջացրած գիշերային կրակոցներով եւ անհամաչափ ուժի կիրառմամբ, տանկերը Երեւան մտցնելու ամոթալի  քայլերի լրիվ եւ բազմակողմանի քննությամբ եւ բացահայտմամբ:

Այս դեպքերի բացահայտումն այսօրվա իշխանությունների հրամայականն է, մնում է իրավապահները կարողանան իրացնել քաղաքական պահանջարկը:

Մանրամասները ` տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան