Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր Բլից ինֆո մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի այն դիտարկմանը, թե թանկացումը աղքատների վրա չի ազդի, քանի որ նրանք քիչ են ծախսում.«Հաշվի առնելով, որ մենք Սահմանադրությամբ սոցիալական պետություն ենք, այդ հայտարարությունը, հակասահմանադրական է, հետևաբար հակապետական է և պետք է միջոցներ ձեռնարկել»,-ասաց քաղաքագետը:
Ըստ Լևոն Շիրինյանի՝ իշխող կուսակցության ներկայացուցչի հայտարարությունը պետք է անպատասխան չմնա. «Ես կարծում եմ, որ մտավորականությունը պետք է պաշտպանի այդ խեղճ ու կրակ, միս ու կարագ չուտող մարդկանց, որոնց զավակները բանակում ծառայել են»:
Խոսելով ՀՀ-ԵՄ ստորագրված համաձայնագրի մասին՝ քաղաքագետն ընդգծեց, որ Հայաստան-ԵՄ գործընթացը բխում է բացառապես հայկական պետության շահերից, հավասարակշռում է արտաքին քաղաքականությունը և թուլացնում ռուսական գերհագեցած ազդեցությունը. «Կարելի է ասել, որ Սվիտալսկին աշխատեց ոսկերչական ճշգրտությամբ»,-ասաց Լևոն Շիրինյանը:
Վերջինիս համոզմամբ՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումից հետո թեև կլինեն հակադիր բևեռներ, սակայն համաձայնագիրը հայկական կողմը պետք է օգտագործի սեփական պետության ամրապնդման համար. «Իհարկե, մեր երկրում կլինեն սև-մութ ուժեր, որոնք կփորձեն վիժեցնել Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, սակայն պետք է անել ամեն ինչ՝ խուսափելու համար նման զարգացումներից»,- խոսքը եզրափակեց քաղաքագետը: