Երեւանում շատ մարզադպրոցներ ունեն վերանորոգման խնդիրներ. Լեւոն Ջուլֆալակյան

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզադպրոցների հիմնական խնդիրը վերանորոգման անհրաժեշտությունն է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Ջուլֆալակյանը: Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ 40 մարզադպրոց կա: Ջուլֆալակյանը, որն ավելի քան 4 ամիս է, ինչ աշխատանքի է անցել, այս ընթացքում այցելություններ է արել: Ըստ նրա՝ մի շարք դպրոցներ՝ հիմնականում շախմատի դպրոցները, շատ լավ վիճակում են կամ չնչին խնդիրներ ունեն, որոշ դպրոցներ էլ վերանորոգման լուրջ կարիք ունեն:

«Շատ դպրոցներ ունեն վերանորոգման խնդիրներ: Արդեն փաթեթ է կազմվել, ներկայացվել է փոխքաղաքապետին, եւ ունենք արդեն նախնական պայմանավորվածություն, որ փորձելու ենք այս տարվա մեջ մտցնել շինարարական ծրագրի մեջ, որպեսզի կատարվեն վերանորոգման լուրջ աշխատանքներ»,- ասաց նա:

Խնդիրներ ունեցող մարզադպրոցների թվում են Երեւանի Շենգավիթի համալիր մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցը, Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը: Հատկապես Ազարյանի դպրոցի մասին վերջին տարիներին շատ են խոսում: Անընդհատ նշվում է, որ այն կամ վերանորոգելու են, կամ էլ նորն են կառուցելու:

«Ազարյանի դպրոցի հիմնական խնդիրն այն է, որ բարդ է դպրոցի շինարարական աշխատանքներ անել: Ստացվում է, որ մարզիկները դուրս են մնալու մարզումներից, իսկ մենք այդքան շատ դպրոցներ չունենք, որ ապահովենք: Նաեւ շինարարների խորհրդով՝ ճիշտ չի լինի, քանի որ ավելի լավ է՝ նոր դպրոց կառուցեն, քան դա վերանորոգեն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մինչեւ այս տարվա վերջ այդ դպրոցի վերաբերյալ որոշում կլինի:

Վերանորոգման եւ գույքային ծրագրերի աշխատանքները, ըստ մասնագետի փուլային են եւ աստիճանաբար են առաջ գնում: Մյուս կողմից կան խնդիրներ, որոնք արդեն լուծվել են: Ինչպես նշում է Ջուլֆալակյանը, իր առաջարկությամբ՝ մարզադպրոցներում աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել, ինչպես նաեւ այսուհետ այն մարզադպրոցները, որոնք տարածքի կարիք ունեն, կարող են մարզումներ կազմակերպել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրակրթական դպրոցներում:

«Եթե դա չի խանգարում դպրոցի դասերին, մեր կրթության բաժինը բոլոր հանրակրթական դպրոցներն անվարձահատույց տրամադրում է, որպեսզի մարզումներն անցկացվեն հանրակրթական դպրոցներում: Դա նաեւ քաղաքապետի մոտեցումն էր: Երկար ժամանակ այնպես էր, որ տնօրենը չցանկանար, չէր թողնի… Աշխատավարձների բարձրացում է տեղի ունեցել, 50%-ով, կարելի է ասել»,- նշեց նա:

Մինչեւ այժմ չեն եղել դեպքեր, որ որեւէ դպրոցի տնօրենի կամ մարզչի նկատողություն արված լինի, սակայն մասնագիտական որակների առումով, ըստ Ջուլֆակայանի, սպորտի բաժինը խիստ է: Ընդգծում է, որ չպետք է լինեն մարզիչներ, որոնք երկար տարիներ աշխատում են, սակայն հանրապետական առաջնություններում մասնակիցներ չունեն, կամ էլ այդ մասնակիցներն արդյունքներ չեն գրանցում: Արդեն մի քանի անգամ հավաքել է դպրոցների տնօրեններին ու այս թեմայով զրույց է ունեցել նրանց հետ:

«2020թ.  հաստատ ստուգվելու են բոլոր դպրոցների արդյունքները եւ գնահատական է տրվելու: Հասկանանք՝ եթե ունենք մարզիչ՝ 10 տարի աշխատող, եւ չունենք արդյունք, ուրեմն պետք է մտածենք՝ ինչ պետք է անել, կամ պետք է վերապատրաստում անցնի, կամ փոխարինվի: Այդ ուղղությամբ պետք է բոլոր դպրոցների տնօրենները հետեւողական լինեն: Նաեւ մեր բաժնի կողմից արդեն հարցում է արվել բոլոր ֆեդերացիաներին, մեր դպրոցների մարզիչների անուններն ուղարկվել են ֆեդերացիաներ, եւ ճշտումներ ենք կատարել նրանց որակավորման մասին, որ հասկանանք՝ տվյալ մարզչին հանրապետությունում ճանաչում են որպես մասնագետի, թե ավարտել է ինստիտուտը, բայց որեւէ արդյունք չի գրանցում»,- ասաց նա:

Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, նախկին ըմիշ Ջուլֆալակյանը խոսեց նաեւ իր ներկա ու նախորդ աշխատանքների տարբերությունների մասին: Մասնագետը մինչեւ այս պաշտոնն ստանձնելը 20 տարի ղեկավարել ու մեծ նվաճումների էր հասցրել ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը: Նա ընդծում է, որ փոփոխությունը կտրուկ է, սակայն կարեւորն այն է, որ իր սիրած ոլորտում է:

«Բնականաբար լրիվ տարբեր է: Մեծ սպորտում ակտիվությունն ավելի մեծ է. անընդհատ մրցաշարեր, ուսումնամարզական հավաքներ, գործուղումներ, բայց կարեւորը, որ սպորտի բնագավառ է, որն ինձ հոգեհարազատ է, սիրում եմ սպորտը, եւ ինձ համար շատ հասանելի է: Ընթացքում էլ բնականաբար ավելի խորսանում եմ, ուսումնասիրում եմ մյուս մարզաձեւերը, խնդիրները եւ պահանջները»,- ասաց նա:

Ջուլֆալակյանը դեռ չգիտի՝ որքան ժամանակ կաշխատի որպես պաշտոնակատար: Նշում է, որ տեղեկություններ չունի նաեւ բաժնի պետի պաշտոնի համար մրցույթի անցկացման ժամկետների մասին: