Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Մոսկվայից վերադառնալիս, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Իդլիբի հարցով Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը մեծ օգուտներ կբերի: Այս մասին տեղեկացնում է «Հյուրիեթ» պարբերականը:
«Այն պաշտպանում է մեր երկրի սահմանները ահաբեկչությունից և Սիրիական ռեժիմի հարձակումներից, հող է նախապատրաստում Իդլիբի շրջանում իրավիճակի կայունացման ու կարգավորման համար, պաշտպանում է այնտեղ գտնվող մեր զինծառայողներին, ինչպես նաև խաղաղ բնակիչներին»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Մոսկվայում շուրջ 6 ժամ տևած Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքում կողմերին հաջողվել է հասնել համաձայնության Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ: Երկու երկրների միջև ստորագրված հուշագրով, որն, ի դեպ, արդեն իսկ ողջունվել է ԱՄՆ կողմից, ճանաչվել է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հաստատվել է հավատարմությունը՝ միայն խաղաղ միջոցներով հարցի հանգուցալուծմանը հասնելու, համաձայնություն էր ձեռք բերվել մարտի 5-ի լույս 6-ի կեսգիշերից ողջ շրջանում զինադադարի հաստատման մասին, կողմերը պայմանավորվել են ստեղծել անվտանգության գոտի, որը ձգվելու է Սիրիայի М-4 մայրուղու շուրջ՝ վեց կիլոմետր դեպի հյուսիս և նույնքան էլ՝ դեպի հարավ, մարտի 15-ից սկսել համատեղ պարեկություն Սիրիայի М-4 տարածքի շրջանում։