Կարելի է ենթադրել, որ իշխանական համակարգում ի հայտ են եկել մարդիկ, որոնք համաձայն չեն պետության ղեկավարության վարած կուրսի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը`անդրադառնալով երեկ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե Հայաստանում դավաճանների ցանց է հայտնաբերվել և հարցին՝ եթե հայտնաբերվել է ինչու որևէ իրավական գործընթաց չկա կամ չի հայտարարվում:
«Եթե իրենք հայտարարում են, ուրեմն իրենց լուրեր հասել է, որ կա նման վտանգ, բայց մյուս կողմից էլ մեր պետական համակարգը միշտ էլ վատ է աշխատել: Նախկինները, քիչ թե շատ փորձառու լինելով, կարողանում էին այնպես անել, որ այդ համակարգի օգտակար գործողության գործակիցը լինի մի քանի տոկոսի սահմաններում: Հիմա, քանի որ նորերն անփորձ են, այդ օգտակար գործողության գործակիցը մոտենում է զրոյի և իրենց թվում է, թե իրենց դավաճանում են: Մինչդեռ մեր պետական համակարգը, որը կրում է մեր ժողովրդի մենթալիտետը, չի կարող պետությունը զարգացնել»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը՝ վարչապետն էլ էր հայտարարում, թե ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, Պեպանյանն ասաց. «Ես ասում եմ՝ պետական համակարգը չի աշխատում: Ոչ թե պետական համակարգը դիմադրում է, այլ պետական համակարգն իր աշխատելու ձևն ունի, որը բխում է նրանից, թե մեր ժողովուրդն ինչ է մտածում պետության մասին: Պետական համակարգը երրորդ հանրապետության հիմնադրման օրվանից, նույնիսկ կոմունիստական շրջանի վերջերից այնպես է, որ պաշտոնի անցած ամեն մարդ մտածում է՝ ոնց անի մի ավել բան տանի, սա է»,- նշեց նա:
Միևնույն ժամանակ բանախոսը նշեց՝ սուտ կլինի ասի՝ պետական համակարգ չկա: Նրա խոսքով՝ կա, բայց փոքր ՕԳԳ-ով աշխատող է: «Փաշինյանը մեծ հույսեր ուներ, որ կգան մի քանի հոգու կհեռացնեն, իրենք կկանգնեն բուրգի վերևում ու համակարգը կսկսի աշխատել, մոլորության մեջ է եղել ու հիմա փաստի առաջ է կանգնած ու ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարա այդ համակարգը աշխատացնի»,- հայտարարեց նա:
Դիտարկմանը՝ վարչապետն էլ հայտարարում էր՝ ուժայինների վերին օղակներում են դավաճանները, նա արձագանքեց. «Ես կարծում եմ, որ այն քաղաքականությունը, որը տարվում է Հայաստանում տնտեսության մեջ, ազգային արժեքների, ավանդույթների հանդեպ յուրաքանչյուր նորմալ մարդ իր ներսում ընդվզում կունենար: Չի բացառվում, որ մարդիկ դժգոհած լինեն, սակայն այդ դժգոհությունն ուղղված է իրեն: Ինքը պետք է հետևություն անի: Պետք է հասկանա, եթե իր կարծիքով՝ շուրջբոլորը դավաճան են, ուրեմն ինքն է սխալ գծի վրա ու պետք է այնպիսի գիծ ընտրի, որ մարդիկ հետևեն իրեն»:
Պեպանյանի կարծիքով՝ վարչապետն ինչ-որ արդյունքների չի հասնում դրա համար անընդհատ իրեն խանգարողներ կան կամ գտնում է իրեն խանգարողներ, դավաճաններ: «Մեծ հույսեր տվեց մարդկանց, ինքն էլ հավատացել է, որ կկարողանան էդ մարդկանց հույսերը արդարացնել ու հիմա դառնալով պետության ղեկավար փորձում է աշխատացնի պետական համակարգը, սակայն հնարավորություն չկա»,- ասաց նա:
Վերջինս նշեց, որ երբ Փաշինյանը դեռ մեկ ամսվա վարչապետ էր, ինքը խորհուրդ է տվել նրան, թե ինչպես կարելի է անել, որ նախարարություններն աշխատեն: «Իր գործիքները նախարարություններն ու մարզպետարաններն են. բոլորը ռախիտ, կաղ համակարգեր են, դրանք չեն աշխատել ու չեն էլ աշխատելու, ինքը չի կարողանալու ոչ մի արդյունքի հասնել, սա ես ցավով եմ ասում: Այստեղ խոր մտածված գիտնականների, խորագետ մարդկանց խորհուրդների կարիք կա, որ իրավիճակը հասկանան ու քայլեր ձեռնարկեն, իսկ այդ մարդիկ չկան, չկան նորմալ խորհրդականներ»,- եզրափակեց նա:
Tert.am-ը անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ, թե Հայաստանում դավաճանների ցանց է հայտնաբերվել, փորձել է տեղեկություն ստանալ Դատախազությունից: Դատախազության գլխավոր դատախազի ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը նշեց, որ այս կապակցությամբ ոչինչ չի կարող ասել: