Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3119-ի

Չինաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 40-ով և հասել 80 735-ի, 22 մարդ մահացել է, 1535-ը՝ ապաքինվել և դուրս գրվել հիվանդանոցներից: Այս մասին ասված է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, գրում է ria.ru-ն:

31 նահանգներից վերջին տվյալների համաձայն՝ գրանցվել է վարակման 80 735 հաստատված դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 58 600 մարդ, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 3119-ի: Դեռևս 19 016 մարդ գտնվում է հիվանդանոցներում (5111-ը ծանր վիճակում):

Վերջին մեկ օրվա ընթացքում ամբողջ երկրում գրանցվել է վարակման 40 նոր դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 1 535 մարդ, մահացել է 22 մարդ: Այժմ ընդհանուր առմամբ գրանցվել է 421 դեպք՝ կորոնավիրուսի նոր տեսակի կասկածանքով, ավելի քան 20 հազար մարդ, որոնք սերտ շփում են ունեցել հիվանդների հետ, գտնվում են բժշկական հսկողության տակ, նշվում է հաղորդագրության մեջ:

Համաճարակի օջախի Հուբեյ նահանգում մեկ օրում հաստատել են վարակման 36 դեպք (բոլորը Ուհան քաղաքում), դուրս է գրվել 1 422 մարդ (1163-ը՝ Ուհանում), գրանցվել է 21 մահվան դեպք (18-ը՝ Ուհանում):

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Ամբողջ աշխարհում  մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: