Հանրաքվեին չենք հետևում, որ խախտումներ էլ արձանագրենք. Էդմոն Մարուքյան

Քանի որ մենք մեր դիրքորոշումը հայտարարել ենք, ասել ենք՝ երբ քարոզարշավը սկսվի, չենք մեկնաբանելու և ընդհանրապես չենք մտնելու քարոզչության մեջ, հետևաբար որևէ կերպ չեմ կարող մեկնաբանել, ինչ վտանգ կա, վտանգ կա, թե չէ. Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք խախտումներ կան քարոզարշավի ժամանակ, կամ որևէ այլ վտանգ:

«Մենք ուղղակի մեկ-մեկ արձագանքում ենք մեզ ուղղված տարատեսակ լուրերին: Օրինակ՝ ինչ-որ պաստառ կար հրապարակված շտաբի վրա, որտեղ գրված էր ԼՀԿ և գանգ էր նկարված, սոցցանցերում տարածվել էր: Ինձ հետ կապվեց Սուրեն Պապիկյանը, ասաց՝ կապ չունեն դրա հետ, կհետևեն, որ հանեն, այդքան բան: Ուրիշ որևէ բանի մեջ ներառված չենք և չենք կարող մեկնաբանել: Քանի որ չենք հետևում, չենք կարող խախտում արձանագրել»,- ասաց նա:

Իսկ արդյոք հնարավոր համարում է այն տեսակետը, որ հանրաքվեն չկայանա, նա ասաց. «Հանրաքվեն լինելու է, չկայանալու որևէ տարբերակ չկա, հանձնաժողովները ձևավորված են, տեղամասերը ձևավորված են, քվեարկություն լինելու է, իսկ թե ինչ կլինի դրա արդյունքում՝ կտեսնենք»:

Հարցին էլ իրենց ընտրազանգվածն ի՞նչ անի հանրաքվեի օրը, նա շեշտեց՝ ասել ենք, թե ինչ անի:

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն  հայտարարել էր՝ հանրաքվեն ապօրինի է ամբողջությամբ, ծայրից ծայր հակասահմանադրական հանրաքվե է: