Հունաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքն է գրանցվել

Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը: Այս մասին տեղեկացնում է reuters գործակալությունը` հղում անելով Հունաստանի առողջապահության նախարարությանը:

Տեղեկացվում է, որ մահացածը 66-ամյա տղամարդ է, որը կրոնական ուխտագնացության էր մեկնել Եգիպտոս, Իսրայել և վերադարձել էր փետրվարի վերջին:

Հունաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը 99-ն է:

Հիշեցնենք, որ նոր տեսակի կորոնավիրուսի տարածումն աշխարհում համավարակի բնույթ է ստացել: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում ավելի քան 118 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով: