Արտակարգ դրության ժամանակ ընտրություններ տեղի չեն ունենում. Էդմոն Մարուքյանը՝ հանրաքվեի չկայանալու կամ հետաձգվելու մասին

Հորդորում ենք, որ հարսանիք չանեն, չգիտեմ ինչ չանենք, տեսնում ենք, որ դա հորդորով չի ստացվում, հետևաբար, պետք է գործի հատուկ իրավական ռեժիմ, որ մարդիկ նաև դրա շրջանակում իրենց վարքը կարգավորեն և կազմակերպեն: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երկրում հաստատված արտակարգ դրությանը:

«Արտակարգ դրության սահմանումը կկանխի վարակի ավելի շատ տարածումը և պետությանը՝ այս դեպքում պարետին և պարետային շտաբին հնարավորություն կտա իր գործողություններն ավելի օպերատիվ իրականացնել»,- ասաց նա:

Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին, թե ինչու չի պաշտպանվում ու դիմակ չի կրում, նա պատասխանեց, որովհետև գիտի՝ պետք է դիմակ կրել այն դեպքում, երբ կամ դու ես հիվանդ, կամ քո շրջապատից որևէ մեկն է հիվանդ:

Դիտարկմանն էլ՝ արտակարգ դրությունը ենթադրում է հանրաքվեն կամ չի կայանա կամ կհետաձգվի, Մարուքյանն ասաց. «Արտակարգ դրության ժամանակ ընտրություններ տեղի չեն ունենում, արգելվում է ընտրություն իրականացնել, ըստ այդմ, իշխանությունները կորոշեն ինչ անեն»:

Իսկ, թե արդյո՞ք ուշացած է համարում կառավարության կողմից արտակարգ դրություն սահմանելը, նա ասաց, որ բազմաթիվ հարցեր կան, որ պետք է քննարկել բացթողումների մասով, բայց չի կարծում, որ հիմա բացթողումներ քննարկելու ժամանակն է: «Հիմա միասնական գործելու ժամանակ է, ավելի լավ է ուշ, քան երբեք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր կառավարությունն արտահերթ նիստով որոշում կայացրեց 2020թ․ մարտի 16-ը ժամը 18:30-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 9:00-ն երկրում սահմանվում է արտակարգ ռեժիմ: