ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3700-ը, Եվրոպայում վարակակիրների զգալի աճ է գրանցվել Իսպանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3774-ի, 69 մարդ մահացել է: Այս մասին հետևում է Ջոն Հոփքինսի համալսարանի հրապարակած առցանց քարտեզի տվյալներից:

Մեկ օրում ԱՄՆ-ում հաստատվել է վարակման 774 նոր դեպք: Նշվում է, որ վարակակիրների իրական թիվը կարող է շատ ավել մեծ լինել, քանի որ հետազոտություններն ընտրովի են անցկացվում:

РИА Новости-ն, հղում անելով N-TV հեռուստաալիքին հայտնում է, որ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6236-ի, 14 մարդ մահացել է:

Հիվանդացության դեպքերի զգալի աճ է գրանցվել նաև Իսպանիայում. մեկ օրում 297 դեպք: The Guardian-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, երկրում վարակակիր է 8744 մարդ, որոնց 40 տոկոսն է միայն հոսպիտալացվել:

Իտալիայում վարակվածների թիվը հասել է 24 747-ի, մահացել է 1809 մարդ, ապաքինվել 2335-ը: Եվրոպական երկրներից վարակակիրների մյուս խոշոր ցուցանիշը գրանցվել է Ֆրանսիայում՝ 5437 մարդ, մահացել է 127-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է ավելի քան 140 երկրում: Վերջին տվյալների՝ ողջ երկրում վարակվածների թիվը հասել է 169 387-ի, COVID-19 կորոնավիրուսից մահացել է 6513 մարդ, ապաքինվել՝ 77 257-ը: