Հայաստանը կորոնավիրուսի արագ ախտորոշման համար 2 տեսակի ռապիդ-թեստեր կստանա: Այս մասին լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարի խոսքով՝ թեստի մի տեսակը կորոշի թքի, մյուսը՝ արյան մեջ կորոնավիրուսի առկայությունը: Առաջինը , ամենայն հավանականությամբ, կկիրառվի ոչ բժշկական հաստատություններում, օրինակ՝ օդանավակայանում կամ սահմանային անցակետում, երկրորդը՝ պոլիկլինիկաներում եւ ոչ ինֆեկցիոն հիվանդանոցներում: Այդ թեստերի միջոցով հնարավոր կլինի ախտորոշել կորոնավիրուսը 15 րոպեում, այն դեպքում, երբ լաբորատոր անալիզի համար մի քանի ժամ է պահանջվում:
Նրա խոսքով՝ այդ թեստերի ստացման հստակ ժամկետները դժվար է ասել, ամեն ինչ կախված է լոգիստիկ խնդիրներից, որոնք այսօր կան աշխարհի շատ երկրներում:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը, ապա դրանք, նախարարի խոսքով, մոտ 5500-ն են: Ամեն օր անցկացվում է մոտ 100 հետազոտություն:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում գրանցվել է վարակման 30 դեպք, մեկ պացիենտ ապաքինվել է եւ դուրս է գրվել հիվանդանոցից, 2-ի մոտ թոքաբորբ է, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում,մյուսներն իրենց լավ են զգում: