Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում այս պահի դրությամբ ամենամտահոգողը երեկ ախտորոշված երեք դեպքերն են, որոնք արձանագրվել են Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում: Այնտեղ բավականին մեծ թվով մարդիկ են աշխատում: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքացիների շփման շրջանակը պարզման փուլում է, և նրանք կմեկուսացվեն: Կարծես թե կարողացել ենք գծանշել շփման շրջանակը, բայց այս դեպքերում երբեք չես կարող 100 տոկոսով համոզված լինել, և նաև սա է պատճառը, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացվեց»,-ասաց նա՝ նշելով, թե այս պահի դրությամբ կա 30 հաստատված դեպք, իսկ բուժված քաղաքացին 14 օր մնացել է մեկուսացված, որևէ բուժում չի ընդունել:
Վարչապետը նշեց, թե մի քանի օր ուսումնասիրել են «Արտակարգ իրավիճակներում բնակչությանը աջակցություն ցույց տալու մասին» ՀՀ օրենքը, և ակնհայտ է դարձել, որ այդ օրենքը բացարձակապես չի նախատեսել համաճարակային իրավիճակները:
«Դրանում նախատեսված է արտաքին ազդեցության պարագան, երբ տեղի է ունեցել տեխնածին, բնական աղետ, մարդկանց կյանքը պետք է կազմակերպել: Այն պարագայում, երբ մարդու համար վտանգը բխում է ուրիշ մարդուց և նրա վարքագծից, այդ դեպքերը կանոնակարգված չեն: Մենք վերջին 20 օրում ականատես ենք լինում դեպքերի, երբ մեր հայրենակիցները միշտ չէ, որ հետևում են Առողջապահության նախարարության և Կառավարության առաջարկած վարքագծային կանոններին՝ ապահովելու ինչպես իրենց, այնպես էլ իրենց միջավայրի անվտանգությունը»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, թե շատ դեպքերում իրադարձությունները կարող են զարգանալ այնպես, որ անհրաժեշտ լինի հարկադրանքի միջոցներ ձեռնարկել, իսկ այդպիսի միջոցներ, որոնք ենթադրում են քաղաքացիների իրավունքների որոշակի սահմանափակմամբ, ՀՀ սահմանադրությամբ հնարավոր է կիրառել միայն հանրային առողջությունը պահպանելու պարագայում, իսկ անձնական ազատությունների որոշակի սահամանփակում հնարավոր է միայն արտակարգ դրության պայմաններում:
Փաշինյանը հայտարարեց նաև, որ արտակարգ դրությամբ նախատեսված միջոցառումները ապահովելու համար ստեղծվել է պարետատուն, որը կղեկավարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Վարչապետը հղում արեց ԱՀԿ տվյալներին, համաձայն որոնց՝ վարակը վտանգավոր է 70+ տարիքի անձանց համար, և մահացության դեպքերը հիմնականում լինում են հենց այդ տարիքի մարդկանց դեպքում:
«Այս պահի դրությամբ մենք 60-ից բարձր տարիքային խմբի 3 պացիենտ ունեք, որոնցից միայն մեկն է թոքաբորբ տանում, մյուս 2-ը սովորական ռեժիմով են տանում վարակը, և այս պահի դրությամբ իրավիճակը կարելի է համարել կառավարելի»,-ասաց նա:
Փաշինյանը հայտնեց, որ Առողջապահության նախարարի խոսքով համաճարակավտանգ համարվող երկրներից եկողներն ու այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք վերջին 14 օրում գտնվել են համաճարակավտանգ երկրներում, չեն կարող մուտք գործել ՀՀ:
«Ցամաքային երկու սահմաններում կարգելվի ուղևորահոսքը և՛ ՀՀ, և՛ օտարերկրյա քաղաքացիների համար: Օդային ճանապարհով ելքը չի արգելվի: Բեռնափոխադրումները լիարժեք կիրականացվեն, ինչքան հնարավոր է այս պայմաններում»,-ասաց Գործադիր մարմնի ղեկավարը:
Անդրադառնալով պարենի պաշարներին՝ վարչապետն ասաց, թե դրանց բավարար պաշարներ կան, առաջիկա մեկ ամսվա ընթացքում պարենային դեֆիցիտ չի առաջանա:
Նա նշեց, թե խիստ սահմանափակումներ կլինեն ԶԼՄ-ների համար՝ կորոնավիրուսի վերաբերյալ հրապարակումների դեպքում:
Այսօրվա նիստից հետո կոնկրետ միջոցառումներ կձեռնարկվեն, որից հետո Կառավարությունն ուղերձով կդիմի քաղաքացիներին, որտեղ կներկայացնի արտակարգ դրության մասին ամբողջական տեղեկատվություն:
«Այն, որ արտակարգ դրություն է նշանակվել երկրում, նշանակում է, որ մենք ունենք ճգնաժամ, բայց ես ուզում եմ ասել, որ մեր ռազմավարական մոտեցումն այն է, որ այս ճգնաժամից պետք է դուրս գանք ավելի ուժեղացած»,-հայտարարեց Փաշինյանը: