Հրազդանում ծննդատան պատուհաններից դիահերձարանը երևում է, մարզպետարանը երեսպատման միջոցով կփորձի լուծել խնդիրը

Հրազդանում դիահերձարանը գտնվում է անմիջապես ծննդատան դիմաց, և ծննդատան պատուհաններից երևում է դիահերձարանը, սա իսկապես խնդիր է, որը գտնվում է մարզպետարանի ուշադրության կենտրոնում: Այս մասին Tert.am-ին ասացին Կոտայքի մարզպետարանի հասարակայնության և տեղեկատվության բաժնից:

«Դիահերձարանը տարածքում գործում է շուրջ 20 տարի, խնդիրը գտնվում է մարզպետարանի ուշադրության կենտրոնում, խնդիրն իսկապես առկա է: Քննարկվում են մի քանի տարբերակներ ինչպես տեղափոխման, այնպես էլ երեսպատման, այսինքն՝ ծածկի միջոցով հարցը կլուծվի»,- փոխանցեցին մարզպետարանից:

Մարպետարանից պարզաբանեցին, որ բանակցություններ են տարվում դիահերձարանը երեսպատելու ուղղութամբ, որ այն ամբողջովին փակվի և ծննդատան հղիների ու ծննդկանների համար տեսանելի չլինի: «ԲԿ-ի տնօրենն էլ է հակված, որ երեսպատելու տարբերակով այդ հարցը ընդմիշտ լուծվի»,- ասացին մարզպետարանից:

Հարցին՝ ի՞նչ ժամանակների մասին է խոսքը, ե՞րբ կլուծվի հարցը, մարզպետարանից չհստակեցրին, միայն նշեցին, որ մոտ ժամանակներում շատ արագ հարցը կլուծվի:

Նշենք, որ մամուլում այսօր տեղեկատվություն էր տարածվեել, որ Հրազդանի ծննդատան հղիներն ու ծննդկանները բողոքում են՝ ծննդատան դիմաց դիահերձարան են կառուցել: