«Հայկական Կարիտաս»-ը 3 օր առաջ էր դիմել Շիրակի մարզպետին, առաջարկել իր աջակցությունը՝ բժշկական անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու ու դրանք բուժհիմնարկներին տրամադրելու համար: Մարզպետարանն արագ կարողացել էր հստակեցնել պահանջվող ապրանքների ցանկն ու տրամադրել կազմակերպությանը:
Այսօր արդեն «Ռենովաբիս» կազմակերպության, Կարիտաս Ավստրիայի (Իննսբրուկ) և ԱՄՆ Եպիսկոպոսների խորհրդի ֆինանսական աջակցությամբ հնարավոր է եղել ձեռք բերել 200 պաշտպանիչ ակնոց և նույնքան պաշտպանիչ բժշկական արտահագուստ, որոնք մարզպետարանի կողմից արդեն տրամադրվում են Գյումրու բուժհաստատություններին:
«Ամբողջ աշխարհում մեծ է պաշտպանիչ, ախտահանող պարագաների կարիքը: Մենք էլ բացառություն չենք: Ճիշտ է, մասնագիտական հիմնարկները ապահովված են այդ պարագաներով, բայց, հաշվի առնելով շուկայի բացը, ստեղծված իրավիճակը, հասկացանք, որ ավելիի անհրաժեշտություն կա: Եվ այս պարագայում կարևոր է, որ մեր գործընկերները քաղաքացիական հասարակության դաշտից շատ արագ իրենք արձագանքեցին այս խնդրին: Արտահագուստները, պաշտպանիչ ակնոցներն ու դիմակները շատ բարձրորակ են: Դրանք մենք առաջին փուլում հատկացնում ենք ռիսկային գոտիներում եւ առաջին գծում աշխատող մասնագետներին: Այս աջակցությունը շատ ժամանակին էր և կարևոր»,- ասաց Շիրակի մարզպետը:
Առաջիկայում, անհրաժեշտության դեպքում «Հայկական Կարիտաս»-ը կրկին ձեռք կբերի և կտրամադրի բժշկական պարագաներ: Շիրակի մարզպետին կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Արմենուհի Մխոյանը տեղեկացրեց, որ պատրաստ են աջակցել նաեւ արհեստավարժ բուժքույր-կամավորների հարցում: