ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կորոնավիրուսի հետևանքով մահացած քաղաքացիների դիահերձում չկատարել: Կողմ քվեարկեց 66, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 2 պատգամավոր:
Նշենք, որ ըստ Կառավարության՝ առաջարկը պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրոսային հիվանդության հետևանքով մահացած մարդկանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն համապատասխանում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին:
Նաև՝ դեռևս հայտնի չէ կորոնավիրուսի ապրելիության ժամկետն ու այն, թե մահացած անձից վարակը տարածվել կարո՞ղ է, հետևաբար հերձման հետևանքով կարող է վարակը կրկին տարածվել: Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսի հետևանքով անձի մահվան դեպքում, ըստ բժշկական փաստաթղթերի, չիրականացնել հերձում` վարակի հետագա և մեծածավալ տարածումը կանխելու նպատակով։