ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ավինյանին կանչել են բացատրության, երկու ժամ խոսել է. իմքայլականների մոտ էլ դժոգություն կա

Գաղտնիք չէ, որ հայրնեի խորհրդարանի իշխող խմբակցությունում կան անձինք, ովքեր տարբերվող տեսակետներ են արտահայտում այս կամ այն օրինագծերի հետ կապված: Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին թեժ իրավիճակ է եղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստում, որին մասնակցում էր ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։ Բանն այն է, որ Ավինյանի կողմից խորհրդարան ուղարկած որպես գաղտնալսման նախագիծ հայտնի օրինագիծը բորբոքել է իմքայլականներին, երբ վերջիններս պարզել են, որ Ավինյանը ցանկանում է գաղտնալսել տարբեր հեռախոսազանգեր: Ըստ մեր տեղեկությունների՝ Տիգրան Ավինյանը մոտ երկու ժամ խոսել է իմքայլական պատգամավորների հետ, պատասխանել է նրանց հարցերին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ պարետը հայտարարել է, որ, նախագծի հետ կապված, իրենք երկար ուսումնասիրել են միջազգային փորձը ու պարզել, որ իսկապես կարող է մեծ օգնություն լինել արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի կանխարգելման հարցում:

Իմքայլականներից շատերը ամեն կերպ պնդել են իրենց դիրքորոշումը, որ այն կարող է շատ վատ ընդունվել հանրության կողմից ու այս խառը իրավիճակում օգտագործվել իշխանությունների դեմ: Սակայն «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ավինյանը անդրդվելի է եղել ու հայտարարել է, թե նախագիծը պետք է ընդունել, որով կօգնեն կառավարությանը ավելի հստակ քայլեր ձեռնարկելու համար: Պարետ Ավինյանը պատգամավորներին հորդորել է իրեն առաջարկներ ներկայացնել, որ կներառվեն նախագծում, եւ իրենք խորհրդարանում նախագծին կողմ քվեարկեն: Բայց, կարծես թե, Ավինյանը չէր պլանավորել, որ խորհրդարանի ընդդիմության շնորհիվ կարող է իր օրենսդրական նախագիծը տապալվել, ինչն էլ եղավ:

Երեկ հայրենի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քվեարկության ներկայացրեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու հարցը: Նախ՝ քվեարկությունից առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց ԱԺ ԲՀԿ խմբակցությանը չմասնակցել քվեարկությանը, որպեսզի քվեարկությունը տապալվի, քանի որ իշխող խմբակցությունը անհրաժեշտ ձայները չէր էլ ապահովել:
Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կոչ արեց ընդդիմությանը կողմ քվեարկել` ցուցաբերելով միասնականություն: Սակայն քվեարկությամբ օրինագիծը մերժվեց, քանի որ այն ստացավ 65 կողմ ձայն:

Մանրամասն՝ աղբյուրում