Արսեն Թորոսյանի վտանգավոր տեղապտույտը. ինչ սպասել

Հայաստանում կորոնավիրուսի տարածման դինամիկան շարունակում է խիստ մտահոգիչ մնալ. վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվելու հաստատված նոր դեպքերի թիվը հասել է 92-ի, իսկ վարակվածների ընդհանուր թիվը՝ 663-ի:

Անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին՝ Արսեն Թորսյանը չի բացառել, որ կարող ենք ականատես դառնալ իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարին: «Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի»,-մասնավորապես հայտարարել է նախարարն, ով, ի դեպ, հարևան Վրաստանում գրանցված դեպքերի քիչ լինելը երջանիկ պատահականություն էր համարել:

Այն, որ Հայաստանը միանշանակորեն ուներ հնարավորություն՝ չդառնալու թագաժահրի ճարակ, չվերածվելու տարածաշրջանում թիվ մեկ վիրուսակիր երկրի, կասկածից վեր է: Միաժամանակ կասկածից վեր է նաև այն, որ Հանրապետությունում իրավիճակն այս աստիճան չէր բարդանա, եթե երկրի առողջապահության համակարգը գոնե դույզն ինչ պատրաստ գտնվեր փորձությանն ու այս աստիճան թուլացած չլիներ:

Ակնհայտ է, որ երկրում ստեղծված իրավճակը «հայի բախտի» գործոնով արդարացնելու Թորոսյանի փորձերը բացարձակապես որևիցե ռացիոնալ հիմնավորման չեն ենթարկվում. Հայաստանում տիրող պատկերը հարևան Վրաստանից մի քանի անգամ վատ է նախևառաջ այն պարզ պատճառով, որ Հայաստանում ինչ-որ մեկը չի ցանկանում սեփական սխալներն ընդունել ու ավելի մեծ ուշադրությամբ անսալ պրոֆեսիոնալների խորհրդին, անիմաստ համառություն չդրսևորել և իրավիճակային լուծումների չգնալ, այլ պրոֆեսիոնալներին ներգրավել ու համատեղ ուժերով իրավիճակից դուրս գալ:

Վրաստանում իրավիճակն անհամեմատ բարվոք է, քանի որ այդ երկրի առողջապահության նախարարը իրավիճակը կանխատեսել ու սեփական քայլերը պլանավորել գիտե, ինչի արդյունքում երկրում գրանցվող նոր դեպքերն ամեն օր ավելանում են ոչ թե տասնյակներով, այլ՝ միանիշ թվերով: Միաժամանակ նկատենք, որ կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում Վրաստանի գրանցած հաջողություններն, անշո՛ւշտ, ոչ միայն կոնկրետ առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի կառավարչական ու մասնագիտական հմտություններով են պայմանավորված, այլև, առհասարակ, համակարգի՝ իրավիճակին համարժեք արձագանքելու կարողությամբ: շ

Այսինքն՝ հարցը պետության ավելի էֆեկտիվ մոդել ունենալն է: Իսկ ի՞նչ է անում Արսեն Թորոսյանը. նա վտանգավոր տեղապտույտի մեջ է հայտնվել: Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է բացատրել նախարարության որոշումը՝ Նորքի ինֆեկցիոնից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տեղափոխված հիվանդներին այլ հիվանդանոցներ տեղափոխելու. նախարարը որոշել է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցը հետայսու միայն կորոնավիրուսով հիվանդներին է ընդունելու, և սա այն դեպքում, երբ մոտ երկու շաբաթ առաջ Առողջապահության նախարարության որոշմամբ Նորքի ինֆեկցիոնի բոլոր հիվանդները տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ:

Հնարավոր չէ՞ր նախապես գործողությունների այնպիսի ճանապարհային քարտեզ մշակել, որը կբացառեր հիվանդների պարբերական տեղաշարժն ու խնդիրներին իրավիճակային լուծումներ տալը, ինչի արդյունքում վտանգվում է հանրային առողջությունը: Իրականությունն այն է, որ «Գրիպի պես բան» հանդիսացող կորոնավիրուսով պայմանավորված՝ երկրում ստեղծված վիճակը լիովին ի հայտ է բերում իշխանությունների մասնագիտական անկարողությունը: Արսեն Թորոսյանը հայտարարում է, թե իրավիճակն երկրում վերահսկելի է մնում: Այս պնդումը, մեղմ ասած, կասկածի տակ է հայտնվում՝ հատկապես հաշվի առնելով վերջին օրերին վիրուսի տարածման մակարդակը ու չկապակցված հայտարարությունները:

Արմեն Կարեյան Tert.am