Գերմանիան սոցցանցերի օգտատերերին առաջարկում է առանց տնից դուրս գալու բացահայտել երկրի տեսարժան վայրերը

Գերմանիայի զբոսաշրջության ազգային գրասենյակը (DZT) ներկայացրել է նոր հեշթեգ՝ #DiscoverGermanyFromHome, որն օգտագործելով՝ օգտատերերը կարող են սոցիալական ցանցերում Գերմանիայի բոլոր 16 դաշնային շրջանների մասին հետաքրքիր տեղեկություն գտնել, գրում է euromag.ru կայքը։

Նոր մարկետինգային արշավը #DiscoverGermanyFromHome–ի հետ միասին նաև #staysafe, #stayathome և #traveltomorrow հեշթեգերն է կիրառում՝ հորդորելով օգտատերերին նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար տանը մնալ։

 «Չնայած մեկուսացմանը՝ մենք ակտիվ ենք մնում։ Սոցիալական ցանցերի ավելի քան 30 հարթակում մենք շարունակում ենք ոգեշնչել և աջակցում ենք որպես զբոսաշրջային ուղղություն Գերմանիայի նկատմամբ հետաքրքրությունը պահելուն»,- նշել է Գերմանիայի զբոսաշրջության ազգային գրասենյակի ղեկավար Պետրան Հեդորֆերին։