Դրսում մարդկանց կուտակումների պատճառը քարտերին ստացված աշխատավարձերը, թոշակները կանխիկացնելն է. Մամիկոն Ասլանյան

Մարդկանց որոշակի հատված լուրջ չի վերաբվերում այս երևույթին, բայց այսօրվա մարդաշատության պատճառներից մեկը թոշակների ստանալու գործընթացն են, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով Վանաձորում մարդկանց կուտակումներին:

Նշենք, որ քաղաքապետն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել և գրել. «Վանաձորի մարդաշատ փողոցներով անհանգստացած բոլոր գործատուներին և ոչ միայն (ՊԵՏԱԿԱՆ,ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ,ՄԱՍՆԱՎՈՐ) խնդրում եմ ՝ մտածենք, թե ինչպես անել, որպեսզի թոշակ կամ աշխատավարձ ստանալու համար քաղաքացիները ստիպված չլինեն իջնել քաղաք ու բանկոմատներից ստանալ իրենց հասանելիք՝ այս պահին կենսական անհրաժեշտ գումարները:Ոստիկանության բաժիններից մեկի պետի հետ զրույցից պարզվում է, որ այսօրվա շարժի հիմնական պատճառը թոշակ կամ աշխատավարձ ստանալն է»:

Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում նշել էր, որ այն թոշակառուները, ովքեր իրենց թոշակները կանխիկ են ստանում, այս ամիս կարիք չեն ունենա գնալ փոստային բաժանմունքներ և թոշակները կստանան առձեռն՝ իրենց բնակարաններում «Հայփոստի» շրջիկ խմբերի կողմից, Մամիկոն Ասլանյանն ասաց, որ հիմնականում նրանք են փողոց դուրս եկել, ովքեր անհրաժեշտություն ունեին իրենց բանկային քարտից գումարները կանխիկացնել:

«Մարդիկ կան որոնց թոշակները և աշխատավարձերը քարտի վրա են լինում, իսկ այն մարդիկ, ովքեր փոստային բաժանմունքից էին ստանում, նրանց առումով խնդիր չկա, տներում են ստանում»,-ասաց նա և նշեց, որ մարդկանց կուտակումները հենց գումարները կանխիկացնելու համար են բանկոմատների, բանկերի շուրջ:

«Ինչ-որ տեխնիկական լուծում պետք է ընտրվի, այդ մարդկանց կանխիկացված գումարները տները տարվեն, առավելևս ծերերի և խոցելի խմբերի համար»,- ասաց նա և նշեց, որ օնլայն ծառայությունները, օնլայն գնումներն ակտիվացել են: Չնայած դրան, նա նաև նկատեց, որ որոշակի առումով կա նաև անպատասխանատվություն, անլուրջ վերաբերմունք: