Ճգնաժամն անխուսափելի է, բայց պետք չէ դրանից ողբերգություն սարքել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Իհարկե, ճգնաժամը անխուսափելի է, այստեղ արդեն որևէ կասկած չկա, բայց պետք չէ դրանից ողբերգություն սարքել, որովհետև առանց այն էլ խնդիը կա: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատեր Սարգիս Օսիպովի այն հարցին, թե ինչքա՞ն պետք է այս վիճակը շարունակվի, ի՞նչ գործողությունների ծրագիր կա այս վիճակից դուրս գալու և աստիճանաբար բնականոն կյանք վերադառնալու համար:

Վարչապետը համոզմունք հայտնեց, թե իրենք կկարողանան տնտեսական և սոցիալական միջոցառումների արդյունավետ փաթեթ ընդունել և իրականացնել:

«Հակաճգնաժամային 9 միջոցառումներ են ընդունվել, և մենք առաջնահերթ ենք համարում կապիտալ ներդրումները, մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ներդրումները, տեխնոլոգիաների, գիտության զարգացումը, և գիտելիքահեն տնտեսությունն ենք պատկերացնում՝ որպես ճգնաժամի հաղթահարման երկարաժամկետ ռազմավարություն»,-ասաց նա:

Վարչապետն ընդգծեց նաև՝ պետք է հասկանալ մի բան՝ սա Հայաստանի պրոբլեմը չէ, համաշխարհային պրոբլեմ է, և համաշխարհային տնտեսությունն այսօր գտնվում է փլուզման պրոցեսի մեջ, իսկ ճգնաժամը պետք է դիտարկել որպես հնարավորություն:

«Մենք պետք է խնդիր դնենք առաջիկա 5 տարիների ընթացքում մեր համախառն ներքին արդյունքը կրկնապատկել և համաշխարհային շուկայում նոր դիրքեր գրավել»,-հավելեց Փաշինյանը: