Հնդիկ գիտնականները չղջիկների մոտ կորոնավիրուսի մեկ այլ տեսակ են հայտնաբերել. India Today

Բժշկական հետազոտությունների հարցերով հնդկական խորհրդի (ICMR) գիտնականները երկրում ապրող չղջիկների մոտ նոր տիպի կորոնավիրուս են հայտնաբերել, որի վտանգավորության աստիճանը դեռևս ուսումնասիրված չէ: Այս մասին գրում է India Today պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ խոսքը, այսպես կոչված, «չղջիկների կորոնավիրուսի» (BtCoV) մասին է, որը հայտնաբերել են հյուսիսային Խիմաչալ-Պրադեշ, զբոսաշրջիկների շրջանում հայտնի Քերալա և Թամիլնադ նահանգներում, ինչպես նաև Պոնդիչերի դաշնային տարածքում: Ուսումնասիրման համար գիտնականները վերցրել էին 2 տեսակի 25 չղջիկ:

Հնդկաստանի վարակաբանական ազգային ինստիտուտի աշխատակից, բժիշկ Պրյագյա Յադավը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի վտանգավորության աստիճանը մարդկանց համար դեռևս ուսումնասիրության կարիք ունի: Դեռևս ապացույցներ այն մասին, որ այս կորոնավիրուսը կարող է հիվանդություններ առաջացնել մարդկանց մոտ, չկան:

«Կարելի է վստահությամբ պնդել, որ չղջիկների այս կորոնավիրուսը ոչ մի կապ չունի SARS-CoV2 վիրուսի հետ, որից առաջացել է ներկայիս համավարակը»,-ասել է բժիշկը:

Նա ավելացրել է նաև, որ 2018 և 2019 թվականներին չղջիկների այդ նույն տեսակների մոտ հայտնաբերվել է Նիպահ վիրուսը, որից մահանում է վարակված մարդկանց 70%-ը: