Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանն անդրադարձավ պետական կառավարման համակարգում տրվող պարգևավճարներին, որը, ըստ նրա, ներկայացվում է բացասական երանգով․ «Կորոնավիրուսի պայմաններում ավելի են ակտիվացել այս շահարկումները»,-ասաց նա և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը խնդրեց այս մասին:
Վարչապետն ասաց նախ, որ ուզում է գաղտնիք բացել առ այն, որ երեկ պատգամավորը զգուշացրել է, որ այս թեմայով հարց է տալու և պատրաստված է եկել: Նա նշեց, որ առկա քննարկումներից հասկանում է, որ ընդհանրապես պետական ապարատում աշխատավարձերի բարձրացման մասին է: «Պետական ապարատում աշխատվարձերի բարձրացումը Հանրապետության հրապարակից՝ հեղափոխական ամբիոնից իմ տված խոստումն է, որը տրվել է ժողովրդի աչքի առաջ և որից հետո դեռ հեղափոխության պրոցեսները ծավալվել են: Այսինքն դա պարտավոություն է, որը ես ստանձնել եմ ՀՀ ժողովրդի առաջ»,-ասաց նա:
Վարչապետը միացրեց ձայնագրություն, որտեղ ասվում է, թե պետական աշխատողների, ոստիկանների աշխատավարձերը կբարձրացվեն, և դա 2018 թվականի ապրիլին արված հայտարարություն է:
Նա անընդունելի համարեց խոսակցություններն այն մասին, թե ինչու պետական ապարատի աշխատողների աշխատավարձերը պետք է բաձրացվեն: «Խոստացել եմ, ժողովուրդը հաստատել է խոստումը և բարձրացրել ենք, այստեղ հետ ճանապարհ չկա: Ընդ որում հեղափոխության կոնտեքստում է արվել, սրանից հրաժարվելու ճանապարհը հետհեղափոխություն անելն է, որը էլի լեգիտիմ իրավունք է, եթե ժողովուրդը մտածում է՝ վատ որոշում է, նրա լեգիտիմ իրավունքն է, ցանկացած պահի կարող է անել նոր հեղաափոխություն անել, մեզ ստեղից քշել, բերել հին ու բարի ժամանակների պաշտոնյաներին, ովքեր ցածր աշխատավարձ են ստանում և լափում են պետական ապարատը, ովքեր փայ են մտնում բիզնեսներում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաներին, ապա նա ասաց, որ իր խնդիրը մեկն է՝ բարձրաստիճան պաշտոնյան, ով 24 ժամով պայքարում է, չգիտեմ, ինչ-որ բանի դեմ, կամ հանուն ինչ-որ բանի համար, պետք է հարյուր տոկոսով կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա, ինչի համար պետք է հնարավորություն ունենա հնարավորինս կտրված լինել ամենօրյա մանր կենցաղային խնդիրներից: «Ընդհանրապես, պետական ծառայության պրեստիժը պետք բարձրացվի, և սա իմ սկզբունքային դիրքորոշում է»,-ասաց նա: