Ապրիլի 14-ին, դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ կրակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից:
Նա նշեց, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 185 (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 235 (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով:
Գաբրիելյանը հավելեց, որ գործը ուղարկվել է նախաքննական մարմնին։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 14-ին ժամը 01։42-ին Ոստիկանությունն ահազանգ է ստացել այն մասին, որ կրակոցներ են հնչել Օրբելի փողոցի 8 շենքի 65 բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով գնդակը վնասել է պատշգամբի պատուհանի ապակին, գնդակը հայտնաբերվել է։
Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Հարությունյանը գրել էր, որ կրակոցները հնչել են դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղղությամբ։ Ավելի ուշ լուրը հաստատվել է դերասանի կողմից։