Հայաստանում տիրում է հիասթափություն, քանի որ որոշ մարդիկ ակնկալում էին, որ իշխանությունից մասնաբաժին կունենան. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Իմ ուղիղ եթերին նախորդող տեխնիկական կադրերի որոշ ռեակցիաներ ինձ զարմացնում են։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում։

«Սովետական տարիներին երեխաները մտածում էին, որ ուսուցիչները հաց չեն ուտում, զուգարան չեն գնում, որոշ ռեակցիաներ այդպիսի տպավորություն է թողել։ Շատ վատ երևույթ է տեղի ունեցել։ Բայց այդ երևույթը դրա հեղինակների մասին է, ոչ թե կադրերի, դրանք սովորական աշխատանքային կադրեր են»,- ասաց Վարչապետը։

Նրա խոսքով` իր հազն անգամ շատերին է հուզել, և նախորդ օրերին իր գործընկերները խորհուրդ են տվել և կորոնավիրուսի 3-րդ  թեստն են արել, որի պատասխանը բացասական է։

Հիշեցնենք, որ նախօրեին հրապարակվել էր վարչապետի ուղիղ եթերին նախորդող փորձնական կադրերը։

Իսկ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով այդ դեպքին`գրել էր, որ փորձնական հեռարձակումն այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է հանրային հեռուստաընկերության կողմից:

Անդրադառնալով դատական համակարգին` վարչապետն ասաց, որ շուտով գալու է «վնգստացող» դատավորների պատասխան տալու ժամանակը։

«Վնգստացող դատավորների հերթն է գալիս, որոնք «վեշերը» պիտի հավաքեն, հեսա Սահմանադրական դատարանի հերթը կգա՝ կորոնավիրուսային դատարանի, որոնք փրկվեցին և ժամանակ են շահում կրոնավիրուսի շնորհիվ։ Բոլորի հերթը գալու է։ Ես կասկածելու տեղիք չունեմ, ինձ ոչ մեկ չի կարող կանգնեցնել, բացի ժողովրդից»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը, խոսելով գործարարների մասին, նշեց, որ կա խումբ, որը մտածում է, թե կշարունակի իր նախկին արտոնությունները պահել, բայց չի կարող այդպես լինել:

«Երբ գործարարները հարցնում են՝ ի՞նչ անենք, ասում եմ՝ աշխատեք, հարկ վճարեք: Ես նրանց աչքերում հիասթափությունում եմ տեսնում»,- ասաց վարչապետը: