ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից գրեթե 2000 մարդ է մահացել, զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 40 000-ը

ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով գրեթե 2 հազար մարդ է մահացել, գրանցվել է վարակման 26 889 նոր դեպք: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:

Առցանց թարմացվող տվյալների համաձայն՝ մեկ օրում 1997 մարդ է մահացել COVID-19-ից։ Երկրում մահերի ընդհանուր թիվը գերազանցել է 40 հազարը, կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 759 հազար մարդ: Ավելի քան 70 հազար մարդ ապաքինվել է։

Նախորդ օրվա ընթացքում մահացել է ավելի քան 1800 մարդ, գրանցվել է վարակման գրեթե 34 հազար դեպք։

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 407 439 է, մահացել է 165 073 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: