«Հայաստանի Հանրապետություն»․ Ընդունվել է օրենք՝ Հայաստան ներգաղթը խթանելու համար

Թվում է, թե Հայաստանում ներգաղթն ապահովելու համար պետք է ստեղծված լինեին բոլոր հնարավոր բարենպաստ պայմանները և այն խթանող գործոնները: Բայց պարզվում է, որ մեր մաքսային օրենսգրքում մինչ օրս գործում են այնպիսի դրույթներ, որոնց համաձայն Հայաստան մշտական բնակության համար ժամանող մեր հայրենակիցները և նման ցանկություն հայտնած այլ ազգերի ներկայացուցիչներ պատկառելի մաքսավճարներ են մուծում սեփական տան ապրանքները Հայաստան բերելու համար՝ հաճախ այդ վճարումների մասին իմանալով վերջին պահին՝ մուտքի մաքսակետում: Փաստն անտրամաբանական է՝ հատկապես պետականորեն իր առջև բնակչության աճի խնդիր դրած պետության համար: Եթե նույնիսկ այս երևույթը շատ դեպքերում վճռորոշ դեր չի ունենում Հայաստանում մշտական բնակություն հաստատելու՝ անձանց որոշումների վրա, այնուամենայնիվ, ներգաղթի համար բարենպաստ պայմաններ ապահովելու առումով էական բացթողում է:

Իսկ ներգաղթ դեպի Հայաստան, չնայած փոքր ծավալներով, բայց կա և վերջին երկու տարվա համամասնություններով նույնիսկ այդ ցուցանիշների աճ է գրանցվել: 2017 թ. Հայաստանում մշտական կացության կարգավիճակ է ստացել 1,301 մարդ, ովքեր հատուկ և ժամանակավոր կացության կարգավիճակ ստացածների հետ միասին կազմել են 6,042 մարդ: 2019 թ. արդեն Հայաստանում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը հասել է 7,986, որից 2,079-ը ցանկացել են մշտապես բնակվել հանրապետությունում: Հայաստան մշտական բնակություն հաստատելու համար վերադարձածների գերակշիռ մասը մերձավոր սփյուռքի ներկայացուցիչներ են: Ներգաղթի խնդիրների լուծումներ է նախատեսվում Ազգային ժողովի վերջին քառօրյայում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: