Եթե Արցախի հարցն ենք քննարկում, միանշանակ դա Արցախի ժողովուրդն է լուծում. Մելքումյանը՝ Լավրովի հայտարարության մասին

Ինչ-որ մեկը չի բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, որ պատասխանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե բանակցային սեղանին առկա է փուլային կարգավորման և տարածքների հարցի քննարկման մասին փաստաթուղթ:

«Լավրովի ասած փաստաթուղթը բանակցությունների համար է: Պետք է տարբերել բանակցությունների սկզբունքները և հարցի լուծման ճանապարհը: Այս պահին Արցախի հարցի լուծումը, դրա չլուծման մեջ է, այսինքն, եթե մենք միանգամից չենք կարողանում Արցախի խնդիրը լուծել, ապա թող տարբեր փաստաթղթեր լինեն, որոնք բանակցելու համար են միայն»,-ասաց նա:

Ըստ նրա՝հայ-ռուսական հարաբերությունները դրվագային չեն և պայմանավորված չեն օրվա իշխանություններով: «Եթե Արցախի հարցն ենք քննարկում, միանշանակ Արցախի խնդիրն Արցախի ժողովուրդն է լուծում, նրանցից հարցրե՞լ ենք, որ ասում ենք, ինչ-որ փաստաթղթեր քննարկել են, թե չէ»:

Դիտարկմանը, թե արդյոք պետք է վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքի այդ հայտարարությանը, պատգամավորը պատասխանեց, որ միշտ էլ կարող են երկրի ղեկավարները և արտաքին գերատեսչությունների ղեկավարները հայտարարություններով հանդես գալ: Ըստ նրա՝ խնդիրը պատեհ իրավիճակ գտնելն է, քանի որ մենք Ռուսաստանի հետ ունենք կայուն հարաբերություններ և դրանք պետք է պահպանվեն, հատկապես այս ճգնաժամային փուլում: