Նավթի համնաշխարհային գները 9-12 տոկոսով աճում են

Հինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները 9-12 տոկոսով կայուն աճ են ցուցադրում՝ շարունակելով մասնակիորեն ազատվել շաբաթվա սկզբին տեղի ունեցած անկումից, այս մասին վկայում են առեւտրական հարթակների տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վերջին տեղեկություններով՝ Brent տեսակի հյուսիսծովային նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսներն աճում են 9,28 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց մինչեւ 22,24 դոլարի: WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները՝ 11,54 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց մինչեւ 15,39 դոլարի: Դրանից րոպեներ առաջ աճը 7-10 տոկոսի սահմաններում էր:

Երկուշաբթի WTI տեսակի նավթի արժեքը՝ մայիսյան մատակարարումներով պատմության մեջ առաջին անգամ հասել էր բացասական նիշի, NYMEX-ում գնանշումները հասել էին բարելի դիմաց մինուս 40,32 դոլարի: Երեքշաբթի WTI-ի հունիսյան ֆյուչերսները ունեցել էին 43,4 տոկոսով անկում՝ հասնելով բարելի դիմաց մինչեւ 11,57 դոլարի (սակարկությունների ժամանակ իջել են մինչեւ 6,55 դոլարի):

Չորեքշաբթի Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը 1999 թվականի դեկտեմբերի 11-ից սկսած իջել էր մինչեւ նվազագույն նիշ՝ բարելի դիմաց 16 դոլարից ցածր:

COVID-19-ի համավարակը հրահրել է նավթի գների ռեկորդային նվազում՝ հումքի պահանջարկի անկման պատճառով: Շուկայի վրա բացասաբար է ազդել նաեւ ՕՊԵԿ+-ի համաձայնագրի բացակայությունը: Գործարքը հաջողվել էր կնքել միայն ապրիլի կեսին, ինչն օգնել էր շուկայի իրավիճակը ժամանակավորապես կայունացնել, սակայն հետո գները կրկին սկսել էին իջնել:

Կորոնավիրուսի եւ հումքի ավելցուկի ֆոնին ՕՊԵԿ-ն ու Միջազգային էներգետիկ գործակալությունը այս տարի սպասում են նավթի պահանջարկի ռեկորդային նվազում: