Վարչապետին ուղիղ ենթակա ոստիկանապետի աչքի առաջ քարուքանդ են անում ոստիկանության դիմադրությունը, մարդկանց են մորթում. Արսեն Բաբայան

Վարչապետին ուղիղ ենթակա ոստիկանապետի աչքի առաջ քարուքանդ են անում ոստիկանության դիմադրությունը, մտնում են հիվանդանոց ու ոստիկանների աչքի առաջ մարդկանց են մորթում, իսկ Փաշինյանը մամուլի քարտուղարի բերանով հանրությանը փորձում է կերակրել ինչ-որ հնարված փայերի ու փայատերերի մասին կերակուրով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արսեն Բաբայանը:

«Սա էլ հերիք չէ` վարչապետ Փաշինյանը փորձում է իր ստեղծագործություններում նշել Արթուր Վանեցյանի անունը։ Հասկանում եմ, որ ձեր իշխանության վախճանի հոտն արդեն քթներիդ տակ է, բայց դրա մեղավորը բացառապես դուք եք՝ ձեր ապաշնորհությամբ»,- գրել է Արսեն Բաբայանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 28-ին Գավառում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 2 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի, 2 հոգի էլ Երևանի հիվանդանոցներ:

Գավառի ճանապարհին հնչած կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները չեն հանդարտվել: Վերջիններս երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Ձողերով և դանակներով զինվածներն սկսել են ջարդուփշուր անել հիվանդանոցի գույքը, որից հետո մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձիք և դանակով կտրել են նրանց երկուսի պարանոցները: