Գավառի հիվանդանոցում հարձակումը կազմակերպել է սպանված «Նորատուսցի Արջի» եղբայրը. աղբյուրը մանրամասներ է հայտնում

Tert.am-ի տեղեկություններով՝ Գավառի Ազատության փողոցում ապրիլի 28-ին հնչած կրակոցներից հետո հարձակումը կազմակերպել է սպանված «Նորատուսցի Արջ» մականունով հայտնի անձի եղբայրը։ Նա մի խումբ անձանց հետ ձողերով ու այլ իրերով զինված մուտք է գործել հիվանդանոց, ըստ նախնական տեղեկությունների, երկու վիրավորի պարանոց է կտրել, վնասվածք է ստացել մեկ անձ ևս, որը ոչ մի կողմի ներկայացուցիչ չէ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գավառի ճանապարհին հնչած կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները չեն հանդարտվել: Վերջիններս երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Ձողերով և դանակներով զինվածներն սկսել են ջարդուփշուր անել հիվանդանոցի գույքը, որից հետո մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձիք և դանակով կտրել են նրանց երկուսի պարանոցները: