Բայդենը նախագահ դառնալու դեպքում չի փակի ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմում, իսկ Արևելյան Երուսաղեմում ամերիկյան հյուպատոսություն կբացի Պաղեստինի համար

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում չի չեղարկի երկրի գործող ղեկավար Դոնալդ Թրամփի` Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Դա չպետք է տեղի ունենար այն համատեքստում, որում տեղի է ունեցել: Դա պետք է տեղի ունենա ավելի խոշոր համաձայնագրի համատեքստում, որպեսզի մեզ օգնի այդ գործընթացում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ կարևոր զիջումների հասնել: Բայց հիմա, երբ դա արդեն արվել է, ես դեսպանատունը հետ չէի տեղափոխի Թել Ավիվ»,-ասել է դեմոկրատ թեկնածուն:

Նա հավելել  է, որ եթե նախագահ, դառնա, ապա Արևելյան Երուսաղեմում կբացի ամերիկյան հյուպատոսություն, որպեսզի իսրայելա-պաղեստինյան համակարտությունը երկու պետությունների սկզբունքի հիմքով կարգավորելու հեռանկարը պահպանվի:

Պաղեստինը Թրամփի՝ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուց հետո դե ֆակտո բարձր մակարդակով չի շփվում Միացյալ Նահանգների ղեկավարի աշխատակազմի հետ: Պաղեստինյան կողմը թերահավատորեն է մոտենում ԱՄՆ նախագահի՝ խաղաղությանն ուղղված քայլերին, կարծելով, որ այդ քայլերը կողմնակալ են ի օգուտ Իսրայելի: