Կորոնավիրուսի պատվաստանյութի համար հավելյալ 2 միլիարդ դոլար է անհրաժեշտ․ Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկից հայտնել են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար մեկից մինչև մեկուկես տարի ժամանակ, ինչպես նաև հավելյալ 2 միլիարդ դոլար է անհրաժեշտ, գրում է blogs.worldbank.org կայքը։

«Առաջիկա 12-18 ամսվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու համար հավելյալ 2 միլիարդ դոլար ֆինանսավորում անհրաժեշտ կլինի։ Գումարը չի ներառում պատվաստանյութի պատրաստման ու առաքման ծախսերը»,- ասվում է Համաշխարհային բանկի հայտարարությունում։

Միևնույն ժամանակ նշվում է, որ միայն հավելյալ ֆինանսավորումը պատվաստանյութի արդյունավետ օգտագործման համար բավարար չէ։

«Մենք պետք է բաշխման համաշխարհային ազնիվ համակարգ ստեղծենք, որպեսզի երաշխավորենք, որ բոլոր երկրները, այդ թվում նաև՝ ամենաաղքատ, պատվաստանյութին հավասար հասանելիություն ունենան դրա պատրաստումից հետո»,- ընդգծել են բանկում։

Ներկայում ամբողջ աշխարհում կա կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծման 120 նախագիծ, որից 8-ը գտնվում է մարդկանց մասնակցությամբ կլինիկական փորձարկումների փուլում։