Մայիսի 9՝ Հայրենյաց հաղթանակներ

Նախախնամությունը հային սահմանել է դժվարին ու անողոք ճակատագիր:

Հայ… ով իր ինքնությունը հաստատել է ռազմի շեփոր հնչեցնելով, հայ… ով իր լինելիությունը ապացուցել է մուրճը սալին խփելով, արտը հերկելով, «անծիր համբերության» դաշույնը խրելով ոսոխի կողը:

1941 թվական, հունիսի 22, Ֆաշիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա: Աշխարհասասան այս պատերազմում  հայ ժողովուրդը ունեցավ մեծ ներդրում: Հայերը ԽՍՀՄ ժողովուրդների շարքում չորրորդն էին բանակի և ռազմածովային նավատորմի, գեներալների ու ծովակալների, ռազմաօդային ուժերի, հրետանային զորքերի սպաների կազմում: Բազմաթիվ հերոսներ, ովքեր իրենց անօրինակ սխրանքով փառահեղ հաղթանակի ճանապարհ հարթեցին, ովքեր հայի ռազմական մտքի  ու կամքի անհերքելի վավերագիրը դարձան: Հայրենական մեծ պատերազմի նախօրյակին արյունարբու Թուրքիան բարեկամության պայմանագիր կնքեց  նացիստական Գերմանիայի հետ: Նպատակները հեռահար էին: Թուրքիան  արյունոտ երախը բացած սպասում էր  Ստալինգրադի ճակատամարտի ելքին, որպեսզի հարձակվի ԽՍՀՄ-ի վրա: Սակայն խորհրդային հաղթանակը կանխեց հայ ժողովրդի համար մեծ վտանգ  ներկայացնող Թուրքիայի հնարավոր հարձակումը:

1945 թվականի մայիսի 9-ին Խորհրդային Միությունը տարավ դժվարին, բայց փառահեղ հաղթանակ: Հաղթանակ, որին հայ ժողովուրդը տվեց Փառքի արժանի քաջսիրտ հայորդիներ: Պապերի անուրանալի սխրանքը հանուն հայրենյաց պիտի կրկնվեր տասնամյակներ անց՝ 1992 թվականի մայիսի 9-ին Շուշիում: Արցախյան պատերազմի  հենց սկզբում ադրբեջանական զինուժի  վերահսկողության ներքո գտնվող Շուշիից հրթիռակոծությունների էին ենթարկվում Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվում էին խաղաղ բնակիչները, ավերվում հայկական շեները: Ինքնապաշտպանության  ուժերի 1991 թվականի վերջին և 1992  թվականի սկզբին հայկական զինված ստորաբաժանումների հաջող գործողությունները, մի շարք ադրբեջանական կրակակետերի ճնշումը, Խոջալու բնակավայրի ազատագրումը, ռազմանական, բարոյահոգեբանական նախադրյալներ ստեղծեցին Շուշիի ազատագրման համար: 1992 թվականի մայիսի 9-ին հայկական զինված ուժերը տարբեր ուղղություններով սկսեցին ռազմագործողություն, որը կոչվեց «Հարսանիք լեռներում»: Հայ ռազմարվեստի մեջ եզակի ու բացառիկ այս ռազմագործողությունը պսակվեց փայլուն հաղթանակով: Շուշիի գրավումը բեկումնային եղավ Արցախյան ազատագրական պատերազմի համար:

Այդ բեկումնային մարտում ունեցանք 57 հերոս-զոհեր: Հայ արծվասիրտ մարտիկների շնորհիվ մեր պատմության մեջ անկրկնելի հաղթանակի ևս մեկ էջ գրվեց:

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում  և՛ Հայրենական մեծ պատերազմի, և՛ Շուշիի ազատագրման համար կյանքը զոհասեղանին  դրած հայ նվիրյալ զավակների շիրիմների առջև: Հավերժ փա՛ռք ու պատի՛վ Ձեզ մեր, հերո՛ս զինվորներ:

Մայիսի 9-ի՝ այս մեծ հաղթանակների կապակցությամբ շնորհավորում ենք ողջ հայ ժողովրդին: Մաղթում, որ այսպիսի  փառապանծ հաղթանակներ բազում ու բազում լինեն: Շարունակենք մեր հաղթական ուղին դեպի լյառը Մասիս:

Թամարա Հարությունյան