Պաշտոնյայի իր տեղում լինել-չլինելը որոշում է նրա անմիջական ղեկավարը. <Իմ Քայլի> պատգամավոր

Նախօրեին նախ հայտնի դարձավ, որ Արգիշտի Քարամյանը վարչապետի որոշմամբ ազատվել է ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնից, և մեկ այլ որոշմամբ նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ երեկ արդեն՝ ազատվել է ՔԿ պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Արձանագրենք՝ ՔԿ նախագահի 5-րդ տեղակալի պաշտոնը ստեղծվել էր ապրիլի 30-ին և, մամուլի պնդումների համաձայն, հենց Քարամյանի համար:

<Եթե ՀՀ վարչապետը անհրաժեշտություն է տեսել ինչ որ պաշտոնյայի նշանակել մեկ այլ պաշտոնի, իհարկե դրա համար ունի հիմնավորումներ և դա ունի բացատրություն: Արգիշտի Քարամյանի ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակումը բովանդակային առումով չեմ կարող մեկնաբանել , որովհետև հարցը Ազգային ժողովի իրավասություններից դուրս է>: Այս մասին <Blic.am>- ի հետ զրույցում նշեց ԱԺ <Իմ Քայլը> խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը և հավելեց՝ Ինչ վերաբերում է կարճ ժամանակահատվածներով տարբեր պաշտոններում նշանակվելուն, ապա դա օրենսդրության պահանջ է և նման նշանակումներ էլի եղել են:

ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում ինչպես կդրսևորի իրեն Արգիշտի Քարամյանը, <Blic.am>-ի հարցին, պատգամավորը պատասխանեց. <Ես կարող եմ ասել, որ պաշտոնյայի իր տեղում լինել չլինելը որոշում է պաշտոնյայի անմիջական ղեկավարը: Եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը անհրաժեշտություն է համարել ինչ որ պաշտոնյայի նշանակել մեկ այլ պաշտոնի, իհարկե դրա համար ունի հիմնավորումներ և  ունի բացատրություն: Համոզված եմ, որ ապագայում վարչապետը մանրամասն կանդրադառնա այս հարցին, եթե իհարկե բացատրությունների   կարիք լինի: Ես կարծում եմ, որ սա նորմալ պրոցես է և կարծում եմ, որ այս նշանակմանը  պետք է վերաբերվել որպես փաստ, որի համաձայն պաշտոնյաները կարող են նշանակվել տարբեր պաշտոնների՝ ըստ առաջնահերթությունների և ըստ անհրաժեշտության>: Նշանակումը կբարձրացնի արդյո?ք ԱԱԾ-ի հեղինակությունը նկատի ունենալով վերջին շրջանում այդ կառույցի թույլ տված վրիպումները, Արման Բոշյանի  տեսակետն այսպիսին էր.

<Աշխատանքը ցույց կտա: Որովհետև ինստիտուտների, համակարգերի, ոլորտների հեղինակությունը պայմանավորված է նրանց աշխատանքի արդյունավետությամբ և  խնդիրների լուծման կարողությամբ, եթե այդ գերատեսչության ղեկավարները գործեն արդյունավետ, իհարկե դա կնպաստի տվյալ կառույցի վարկանիշի բարձրացմանը>:

Պատգամավորը <Blic.am>-ի հետ զրույցում անդրադարձավ նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության մասին արված հայտարարությանը և դրան հաջորդած ՀՀ ԱԳՆ պատասխանին: <Իր դիրքորոշումը պաշտոնապես հայտնելուց հետո, ԱԳ նախարար Զահրաբ Մնացականյանը ԱԺ արտաքին հարաբերութունների հարցերի մշտական հանձնաժողովի վերջին նիստում ևս անդրադարձավ Հայաստանի դիրքորոշմանը: Կարծում եմ, մեր առաջնահերթությունները այդ տրամաբանության մեջ են>:

Սահմանադրական հանրաքվեի օրինագծի քննարկումները կրկին  երբ կլինեն ԱԺ օրակարգում, մեր հարցին, պատգամավորը պատասխանեց.

<Առայժմ  օրակարգում այդ հարցը չկա և մեր գործողություները,  քայլերը և  ջանքերը ուղղված են  համավարակի հաղթահարմանը: Մեր ռեսուրսները ծառայեցվում են այս խնդիրների լուծմանը,   սոցիալական դժվարությունների մեղմացմանը և հաղթահարմանը: Ինչպես տեղյակ եք արտակարգ իրավիճակի հետ կապված իրավական առումով այդ հնարավորությունը չկա: Մենք սպասում ենք իրադարձությունների զարգացմանը և  ոչ մի քաղաքական նպատակահարմարություն, ոչ մի իրավիճակ, չի կարող ավելի կարևոր, ավելի առաջնային լինել, քան մեր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունն է>: Որոշ ոլորտների գործունեությունների թույլատրումը, Բոշյանը պայմանավորեց քաղաքացիների  սոցիալ-տնտեսական վիճակով.

<Ես համոզված եմ, որ պատերատունը, գործադիրի մեր գործընկերները ունեն այն հաշվարկները և այն կանխատեսումները, թե այս <ազատականացումը> ինչ ազդեցություններ կարող են ունենալ մեր հասարակական կյանքի , մեր քաղաքացիների առողջության վրա: Այդ վերլուծությունները կան և ես կարծում եմ, որ  պետք է շարունակենք պահպանել  անվտանգության բոլոր կանոնները : Պարետատունը անընդհատ հուշում և անընդմեջ հորդորում է պահպանել դրանք: Ստեղծված իրավիճակում  պետք է ուշադրություն դարձնենք նաև  տնտեսությանը, քանի որ երկար այսպես շարունակել ուղղակի հնարավոր չէ:  Պետք է խոհեմություն դրսևորենք և փորձենք զուգորդել մեր  սոցիալական կյանքը մեր տնտեսական ակտիվության հետ, շարունակելով լուծել առաջացած խնդիրները>.ընդգծեց պատգամավորը:

Լիլիթ Ավետիսյան