Լոռու մարզպետը Վանաձորի քաղաքապետի իր թեկնածուն ունի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լոռու ՔՊ-ական մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի միջև անցած շաբաթներին սկսված հակամարտությունն առաջիկայում նոր թափ կստանա և հնարավոր է այլ մասշտաբներ ընդգրկի։

Մարզում շրջանառվող լուրերի համաձայն` Անդրեյ Ղուկասյանը Վանաձորում եկող տարի սպասվող քաղաքապետի ընտրություններից առաջ Մամիկոն Ասլանյանի դեմ քաղաքական արշավ է սկսել, ում նկատմամբ իշխանությունները լոյալ են տրամադրված։

Պատճառը հայտնի է․ որ Վանաձորում մեծ ազդեցություն ունեցող Մարուքյաններին չհանձնեն իշխանությունը։ Մարզպետը քաղաքապետի պաշտոնում տեսնում է իր տեղակալ Գայանե Մարկոսյանին և արդեն տարբեր շրջանակներում համեմատություններ է անում՝ եթե Էջմիածինը կարող է կին քաղաքապետ ունենալ, ինչո՞ւ Վանաձորը չպիտի ունենա։

Մյուս կողմից՝ Մամիկոն Ասլանյանն էլ վճռական է տրամադրված․ եթե իշխանությունները նրան «ծնկի» չբերեն ռեպրեսիվ ճանապարհով, քրեական գործեր «խոդի չտան», ապա նա պատրաստվում է կրկին առաջադրվել և դա չի թաքցրել օրերս մեր թերթին տված հարցազրույցում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում